Մատչելիության հղումներ

Մարդասիրական օգնություն՝ Կարճաղբյուրում և Արթիկում հեղեղից տուժածներին


Ջրհեղեղ Արթիկում 24-ը հուլիսի, 2016թ.
Ջրհեղեղ Արթիկում 24-ը հուլիսի, 2016թ.

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) տեղեկացնում է, որ մարդասիրական օգնություն կբաշխվի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ի հեղեղից տուժած ընտանիքներին:

Ըստ հաղորդագրության, Կարճաղբյուր համայնքում սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ և կանխիկ գումար կստանան 120, իսկ Արթիկում` 12 ընտանիքներ:

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հետևելով իր մարդասիրական առաքելությանը և ելնելով Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներից, աղետի հասցրած վնասները մեղմելու նպատակով մարդասիրական օգնություն տրամադրելու համար իրականացրել էր կարիքների գնահատում և դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին։ ՀԿԽԸ դիմումն ստացել է դրական արձագանք, հատկացվել է մոտ 20 881 908 դրամ կամ` 43 686 շվեյցարական ֆրանկ: ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվել են բաշխման սկզբունքները և յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը», - ասված է հաղորդագրությունում:

ՀԿԽԸ-ն նշում է, որ հունիսի 24-ին հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով առաջացած սողանքի պատճառով լուրջ վնասներ են կրել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքը և Շիրակի մարզի Արթիկ քաղաքը: Արդյունքում հեղեղվել են բնակելի տներ, օժանդակ շինություններ, փողոցներ և կամուրջներ, տեղի է ունեցել գյուղատնտեսական կենդանիների անկում և վնաս է հասցվել մշակաբույսերի ցանքատարածություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG