Մատչելիության հղումներ

logo-print

Փաստաբանն ահազանգում է. կալանավորված ազատամարտիկի բազմանդամ ընտանիքը ծանր վիճակում է


Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ահազանգում է՝ հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի բազմանդամ ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել:

«Տվյալ անձը իր խնամքին ունի վեց անչափահաս երեխա։ Մարդիկ չունեն գումար այդ երեխաներին պահելու։ Վեց անչափահաս երեխաները հացի փող չունեն, տուն էլ չունեն մնալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Անապահով ընտանիքին բյուջեից գումար հատկացնելու վերաբերյալ միջնորդությունը Բաղդասարյանը մեկ շաբաթ առաջ է ներկայացրել, սակայն մինչև օրս արձագանք չկա։

«Մեր պահանջն այն է, որ Քրեական դատավարության օրենսգրքով ուղղակի ամրագրված է, որ եթե անձին զրկում են ազատությունից, քննչական խումբը կամ քննիչը, ով որ վարում է այդ գործը, պարտավոր է որոշում կայացնել՝ պետական բյուջեից իրեն գումար հատկացնել։ Քրեական դատավարության մեջ դա պարտականություն է՝ ամրագրված քննչական մարմիններին․ եթե իրենք զրկել են ազատությունից տվյալ անձնավորությանը, ուրեմն իրենք պարտավոր են այդ պահանջը կատարել», - ասաց փաստաբանը՝ շարունակելով. - «Մենք ակնկալում ենք, որ մամուլի միջոցով այդ հարցը բարձրացնելով հասկանանք՝ վեց անչափահաս երեխա սոված մնա՞ այսօր, մի քանի օրից հետո նրանց տնից հանում են, որովհետև իրենք վարձով էին ապրում, փողոցում մնան՝ մի նժարի վրա, մյուս նժարի վրա իրենց արդարադատությունն է, մի հատ հեռախոսազանգ է, որի բովանդակությունը շատ չէր տարբերվում Ենիգոմշյանի հեռախոսային զանգի բովանդակությունից»։

Ըստ փաստաբանի, ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեղադրանքով երեք տասնյակից ավելի կալանավոր կա, նրանց մեղադրանքների հիմքում հիմնականում գնդի տարածքը գրավելու օրը ստացված հեռախոսազանգերն են, որոնք մեծ մասամբ անծանոթ համարներից են եղել։ Մհեր Մազմանյանը ևս կալանավորված է նմանատիպ հեռախոսազանգ ստանալու պատճառով, նա մեղադրանքը չի ընդունում։

«Այս պահին պարոն Մազմանյանը գտնվում է կալանքի տակ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Իր նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ երկու ամիս ժամկետով։ Դատարանն ընդհանրապես իրա փաստարկները չլսեց, որը ներկայացնում էր, որ ձայնագրությունը, որը սղագրության տեսքով ներկայացրել են, չէր համապատասխանում իր կողմից խոսակցությանը։ Այսինքն՝ բովանդակությունը խեղաթյուրվել է քննչական մարմինների կողմից։ Մենք այս պահին չենք ուզում խորանալ մեղադրանքի բովանդակության մեջ, մենք հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կստեղծվի իրեն ցուցմունք տալու և ինքը կետ առ կետ կներկայացնի, թե ցանկացած իր բառն ինչին է վերաբերել», - ասաց Բաղդասարյանը։

XS
SM
MD
LG