Մատչելիության հղումներ

Հայաստանը ներկայացնող մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանն աչքի ընկավ զուգափայտերի վրա նոր հնարքով


Պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող մարմնամարզուհի է մասնակցում․ ամերիկայի քաղաքացի Հուրի Գեբեշյանը երկքաղաքացիություն է ձեռք բերել, որպեսզի միջազգային մրցումներում իրավունք ունենա ներկայացնելու Հայաստանը։ Այս մասին գրել է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ը, նշելով որ հայ ներգաղթյալների թոռնուհի, 27-ամյա մարմնամարզուհին Քլիվլենդից է։

Օլիմպիական 31-րդ խաղերում զուգափայտերի վրա 360 աստիճանի շրջադարձով նոր հնարք է կատարել՝ ցածր պտտաձողից անցնելով բարձրին ու արժանանալով հանդիսատեսի ծափահարություններին։ Այս հնարքը հավանաբար նրա անունով կկոչվի «Գեբեշյանի հնարք», քանի որ դա նորություն էր զուգափայտերի վարժությունում։ Իր ելույթից հետո մարմնամարզուհին համբուրել է զուգափայտերը։ Այս վարժությունում Հայաստանը ներկայացնող մարզուհին 13-րդ տեղում էր, սակայն մյուս գործիքների վրա նա ցածր միավորներ է ստացել և զբաղեցրել է 37-րդ տեղը` չկարողանալով եզրափակիչ ուղեգիր ձեռք բերել:

Յուրաքանչյուր վարժությունից հետո Գեբեշյանը համբուրել է սպորտային սարքավորումները՝ ավելի ուշ մեկնաբանելով, թե սրանք իր վերջին մրցումներն են ու ինքը համբույրներով հրաժեշտ է տալիս սպորտին։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սպորտին։ Ամեն տեղ հայեր կան, զարմանալի է ամեն տեղ տեսնել նրանց», - ասել է Գեբեշյանը, ով ինտերնետային GoFundMe կայքում հանգանակություն էր կազմակերպել, որպեսզի ֆինանսական միջոցներ ստանա օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

Մրցումներից հետո նա ստորագրել է Հայաստանի դրոշը ու հայտարարել, թե իր նպատակն էր Հայաստանի համար տեղ բացել մարմնամարզության քարտեզի վրա։ Կիրակի օրը նա մրցումների էր դուրս եկել սպիտակ մարզազգեստով, որի վրա խորանարդիկներով պատկերված էր Արարատ լեռան ուրվագիծը։ Գեբեշյանը պատմել է, որ իր տատը և պապը փրկվել են ցեղասպանությունից և ապաստան գտել Լիբանանում, որտեղ ծնվել են իր ծնողները։

Ամերիկահայ Հուրի Գեբեշյանը Ռիոյում լուսանկարվել է Ռուսաստանի թիմի անդամ Սեդա Տուտխալյանի հետ, ով նույնպես հայկական ծագում ունի, չնայած նրանց զրույցին, ըստ The Wall Street Journal-ի, խանգարել է այն հանգամանքը, որ Տուտխալյանի հայերենը աղքատիկ է։

«Հրաշալի զգացողություն ունեմ` վերջապես Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու կապակցությամբ։ Անասելի հպարտ եմ և ոգևորված Հայաստանը այս խաղերին ներկայացնելու համար։ Կարծում եմ` գրանցած արդյունքիցս գոհ եմ, քանի որ արեցի այն ամենն, ինչի ունակ էի», - Հայաստանի ազգային օլիմպիական կայքին տված հարցազույցում ասել է Հուրի Գեբեշյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG