Մատչելիության հղումներ

Թուրքական ԶԼՄ-ները պնդում են, թե Ստամբուլի հանրահավաքին մասնակցել է 5 մլն մարդ


«Հուլիսի 15-ի գիշերը թունավորած ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենը կգա Թուրքիա և պատասխան կտա», - հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կիրակի օրը Ստամբուլում կայացած բազմամարդ հանրահավաքի ժամանակ:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի կենտրոնական հրապարակները երեք շաբաթ շարունակ չլքող քաղաքացիները կիրակի օրը հավաքվել էին Ստամբուլի Յենիքափը հրապարակում: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նախագահ Թայիփ Էրդողանի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի, ընդդիմադիր երկու կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մասնակցությամբ «Ժողովրդավարություն և նահատակներ» խորագրով հանրահավաքին ավելի քան 5 մլն քաղաքացի է ներկա գտնվել:

Դիմելով իր կողմնակիցներին՝ նախագահ Էրդողանը հայտարարել է. - «Հուլիսի 15-ը մեր բարեկամներին ցույց տվեց, որ այս երկիրը կարող է դիմակայել ոչ միայն քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, այլ նաև ռազմական սադրանքներին»:

Նա ընդգծել է, որ, «որպես պետություն և ժողովուրդ, անհրաժեշտ է լավ վերլուծել հեղաշրջման փորձը և համապատասխան գնահատական տալ ոչ միայն այդ դավադրությունը իրագործածներին, այլ նաև նրանց հետևում կանգնած ուժերին»:

Թուրքական մամուլը տեղի ունեցած հանրահավաքը պատմական է որակել, քանի որ իշխանական և ընդդիմադիր կուսակցությունները միավորվել են հանուն ժողովրդավարության և ընդդեմ հեղաշրջման:

Հանրահավաքին միասնության և համերաշխության կոչով է հանդես եկել ընդդիմադիր ամենամեծ՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըդչարօղլուն՝ նշելով, թե հուլիսի 15-ից հետո «արդեն նոր Թուրքիա ունեն»:

«Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին կոչ է արել «մաքրել երկիրը քաղցկեղի պետ պատած գյուլենականներից», իսկ նրանց առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենին ահաբեկիչ է անվանել:

Թուրքական իշխանությունների պնդմամբ` անցած ամիս տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենը, որի արտահանձնման համար Թուրքիան արդեն երկու անգամ դիմել է ամերիկյան իշխանություններին, իսկ Ստամբուլի դատարանը օրերս Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել: ԱՄՆ-ը, սակայն, չի շտապում ազդեցիկ առաջնորդին ուղարկել Թուրքիա: Ինքը՝ Գյուլենը պնդում է, որ ոչ մի առնչություն չունի ռազմական հեղաշրջման փորձի հետ:

Ըստ թուրքական մամուլի, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, պատասխանելով Գյուլենի արտահանձնման մասին թուրք գործարարի հարցին, նշել է. - «ԱՄՆ հարցին լուրջ մոտեցում է ցուցաբերում, սակայն ապացույցներ են հարկավոր: Գյուլենի արտահանձնման գործընթացը կիրականացվի փաստերի հիման վրա և օրենքի շրջանակներում»:

Ի դեպ, Ստամբուլի բազմամիլիոնանոց հանրահավաքին զուգահեռ ամերիկաբնակ թուրքերը ևս ցույց են անցկացրել Սպիտակ տան դիմաց` պահանջելով Գյուլենի արտահանձնումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG