Մատչելիության հղումներ

Էրդողանը խոստացել է անհապաղ վերսկսել բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի շուրջ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարում է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, և ինքը վստահ է, որ վաղը նրա հետ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը նոր էջ կբացի մինչև վերջերս խիստ լարված ռուս-թուրքական հարաբերություններում:

«Սա պատմական հանդիպում է, և մենք՝ իմ ընկեր Վլադիմիրի հետ, վստահ եմ՝ շատ բան ունենք անելու»,- այցից առաջ ՏԱՍՍ գործակալությանը ասել է Թուրքիայի նախագահը՝ մեծարելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում ու աշխարհում:

«Առանց Ռուսաստանի հնարավոր չէ գտնել սիրիական ճգնաժամի լուծումը, միայն Կրեմլի հետ համագործակցությամբ մենք կարող ենք այն կարգավորել», - ասել է Էրդողանը, ով սեփական երկրում հեղափոխության փորձը ճնշելուց ու իր հազարավոր ընդդիմախոսներին ազատազրկելուց հետո առաջին արտագնա այցով մեկնում է ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր, այլ Ռուսաստան: Ավելին, Պուտինի հետ հանդիպումից առաջ Էրդողանը բացահայտ դժգոհել է Արևմուտքից՝ ըստ էության, ևս մեկ ընդհանուր եզր սահմանելով երկկողմ բանակցությունների համար:

«Եվրամիությունը չի կատարում Թուրքիային տված խոստումները, և արդեն 53 տարի է՝ գլուխ է տանում, մինչդեռ մենք հետևողականորեն ապացուցում ենք մեր ազնվությունը, և նույնն էլ նրանցից ենք ակնկալում: Բրյուսելը պետք է հրաժարվի երկակի չափանիշների իր քաղաքականությունից», - ասել է Էրդողանը՝ հավելելով․ - «Արևմուտքը նախապաշարմունքներով է վերաբերվում Թուրքիային, մինչդեռ այն զարգացումները, որ կան եվրոպական հասարակությունում, տեղի են ունենում նաև Թուրքիայում: Ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները հարգելու հարցում Եվրամիության որևէ երկիր չի կարող համեմատվել Թուրքիայի հետ»:

Ռուսաստանին սիրաշահելուց, Արևմուտքին քննադատելուց բացի Էրդողանը նաև խոստացել է անհապաղ վերսկսել բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի շուրջ, որը մեկնարկելով Ռուսաստանից ու անցնելով Սև ծովի հատակով՝ Թուքրիայի տարածքով, ռուսական գազը կհասցնի մինչև Հունաստան:

«Մենք պատրաստ ենք անմիջապես քայլեր ձեռնարկել այդ ծրագրի իրագործման ուղղությամբ, որևէ խոչընդոտ չեմ տեսնում», - ասել է Էրդողանը, ով ամիսներ առաջ՝ թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումից հետո, սառեցրել էր այս հարցով բանակցությունները:

Կրեմլում չեն թաքցնում՝ այս ծրագիրը խիստ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, որն արդեն մի քանի տարի է՝ փորձում է Եվրոպա գազ հասցնելու հուսալի ճանապարհ գտնել ՝ շրջանցելով Ուկրաինան:

Համաձայնելով վերսկսել բանակցությունները նոր գազատարի շուրջ՝ թուրքական կողմը միաժամանակ հայտարարում է, թե առայժմ հետաքրքրված է փոքր տարողութամբ մի խողովակաշարի կառուցմամբ, որը կբավականացնի միայն ներքին կարիքները հոգալու համար: Մինչդեռ «Գազպրոմի» ծրագրերը առավել հեռահար են՝ մինչև Հարավային Եվրոպա, և հենց սա է, ըստ փորձագետների, դառնալու վաղը Պուտին-Էրդողան հանդիպման գլխավոր ինտրիգներից մեկը:

Օրակարգի մյուս հարցը Սիրիան է, որտեղ Թուրքիան ու Ռուսաստանը հակադիր հետաքրքրություններ ունեն․ Մոսկվան սատարում է Ասադի վարչակազմը, Անկարան՝ ընդդիմադիրներին: Այդ հարցում արմատապես տարբեր դիրքորոշում ունենալով՝ Էրդողանն ու Պուտինը հիմա ընդհանուր շատ եզրեր ունեն, փաստում են արևմտյան վերլուծաբանները: Նախ՝ երկուսն էլ չեն վստահում Արևմուտքին, և իր այս այցով, ըստ էության, Էրդողանն ուզում է ցույց տալ, որ դաշնակից է փնտրում Եվրամիության ու ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս, գրում է հեղինակավոր Financial Times-ը: Թերթի հետ զրույցում Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, ասել է․ - «Մեր հարաբերությունները Վաշինգտոնի հետ հիմա վատ են առավել, քան երբևէ վերջին 50 տարիների մեջ, և այդ առումով Ռուսաստանի հետ մերձեցումը շատ հրապուրիչ է Անկարայի համար»: Le Monde-ն էլ հրապարակել է հայազգի Կայծ Մինասյանի հոդվածը՝ Պուտին-Էրդողան հանդիպման շեմին, ով պնդել է, թե երեկ միմյանց անպատվող, այսօր՝ ձեռք սեղմող երկու նախագահների պահվածքում արտասովոր բան չկա: «Հակառակը, թեև անցյալում ռուսներն ու թուրքերը 14 անգամ պատերազմել են, միևնույնն է, կապված են պատմության ամուր թելերով և նման են վաղուց ամուսնացած զույգի, որը սկանդալներ է սարքում, բայց այդպես էլ չի բաժանվում»:

XS
SM
MD
LG