Մատչելիության հղումներ

«Մեդիալաբ»-ի տնօրենի մեքենայից ծաղրանկարներ են գողացել


Այս գիշեր կոտրելով «Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի մեքենայի ապակին՝ գողացվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, Ոստիկանապետին և իշխանության այլ ներկայացուցիչներին պատկերող ծաղրանկարներ:

«[Ժամը] 1-2-ն ընկած ժամանակահատվածում շատ ուժեղ ձայն ա լսվել մեքենայի ապակի կոտրելու և այլն: Քանի որ գիշեր էր, այդ ձայնը հստակ լսվում էր: Տարել են ծաղնանկարները, 107 ծաղրանկար ա եղել», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Գրիգորյանը:

Այս միջադեպից առաջ քաղաքական սուր բովանդակությամբ ծաղրանկարները ցուցադրվել էին Երևանի Մաշտոցի պուրակում: Դրանից առաջ «Չարգելված» խորագրով բացօթյա ցուցադրություններ եղել էին Վանաձորում և Գյումրիում:

Ծրագրի նախաձեռնող Մարիաննա Գրիգորյանը նշեց, որ թե՛ մարզերում, թե՛ Երևանում քաղաքական ծաղրանկարների համար ցուցասրահներ վարձակալել չի հաջողվել․ - «Հետաքրքրվում էին, թե ինչ ցուցահանդես ա, երբ որ ասում էինք քաղաքական ծաղրանկար, հաջորդ հարցը լինում էր՝ Սերժ Սարգսյանը կա՞, թե՞ չկա: Երբ որ լսում էին, որ կա, ասում էին, որ անհնար ա: Կամ պիտի հանենք»:

Նա ասաց, որ բացի սոցիալական ցանցերում մշտական սպառնալիքներից, մեքենան վնասելը վերջին ամիսների ընթացքում առաջին դեպքը չէ, երբ ճնշման ուղղակի փորձ է տեղի ունենում․ - «Մեր ծաղրանկարիչներից մեկը, ով ապրում ա Լեհաստանում, ստիպված էր աշխատանքից դուրս գալ, որովհետև մայր ունի Երևանում, և անընդհատ այցելել էին ոստիկանական, զինվորական համազգեստով մարդիկ, հետաքրքրվել էին իրենով, ծաղրանկարներով․․․ Դա անընդհատ ճնշման մեթոդ էր»:

Գրիգորյանն արդեն դիմել է ոստիկանություն, ասաց, որ եկել են, «գործողություններ են իրականացրել, մատնահետքեր էլ չեն գտել»:

Միջադեպի բացահայտման հույսեր «Մեդիալաբի» տնօրենը չունի, իսկ տեղի ունեցածը համարում է ուղերձ․ - «Տարբեր կերպ են փորձել էդ մեսիջը մեզ հասցնեն: Իսկ հիմա, երբ արդեն ցուցահանդեսը տեսել են, հասկացել են, որ միևնույն ա շարունակելու ենք, արդեն անցել են ավելի բրուտալ մեթոդների: Թե ում կողմից ա, չգիտեմ․․․ Ընդդիմությունը ժամանակին շատ էր սիրում ասել՝ ռեժիմը խուճապի մեջ է, հիմա իմ մոտ էդ արտահայտությունն ա մտքումս: Ինձ երեկ ոստիկանները հարցնում են՝ որքա՞ն ա վնասը կազմել, ես ասում եմ՝ վնասը երկրի վարկանիշին է [հասցվել] մեծ հաշվով․․․ Էդ նկարները կարելի ա էլի տպել, էլի ցուցահանդես անել: Դրանով որևէ բան չի սահմանափակվում։ Մենք էլ չենք դադարելու, շարունակելու ենք էն ճանապարհը, ինչ որ սկսել ենք»:

Գողացված ծաղրանկարների մի մասի հեղինակ Վահե Ներսեսյանի կարծիքով, տեղի ունեցածը վրեժխնդրություն է կամ նախազգուշացում․ - «Միշտ վստահ եմ եղել, որ իշխանությունները հումորի զգացում ունեն և էս ամեն ինչին վերաբերվում են ավելի հումորով, թեթև: Ես երբեք չեմ մտածել, որ ինչ-որ մեկը կվիրավորվի, կնեղանա ծաղրանկարից: Մանավանդ որ, աշխատում ենք վիրավորական չլինեն ծաղրանկարները: Ավելի շատ քննադատում ենք երևույթը, քաղաքական դիսկուրսը, անհամատեղելիությունը մարդու և պաշտոնի, չարաշահումները, նման բաներ․․․ Փորձում ենք անձնական վիրավորանքների մակարդակի չիջնել: Չնայած ծաղրանկարի ժանրը նույնիսկ դա է թույլ տալիս»:

Ծաղրանկարիչը պատմեց, որ նախկինում էլ պետական անվտանգության մարմինների կողմից եղել են համագործակցության առաջարկներ ու ճնշման փորձեր, բայց դրանք նրա վրա չեն ազդել․ - «Երբ որ արդեն սահմաններ են գծում, ինքը՝ ոճը դադարում է գոյություն ունենալուց, դու դառնում ես ինչ-որ մեկի ձեռքին խամաճիկ, դառնում ես պալատական ծաղրածու: Իսկ դա ինձ պետք չի, ես կթողնեմ էդ մասնագիտությունը, կզբաղվեմ ուրիշ բանով»:

«Մեդիալաբի» աշխատանքներից մեծ տարածում է ստացել լավ զինված ոստիկանի և բահով կռվող զինվորի համեմատական ծաղրանկարը, սակայն, նրա պնդմամբ՝ ավելի հաճախ ծաղրանկարների հերոսները իշխանության ներկայացուցիչներն են․ - «ՀՀ նախագահն է, երբեմն նրա եղբայրը՝ քաջ հայտնի մեր ժողովրդին, երբեմն մեր հոգևոր առաջնորդները, որոնք շատ հակասական կերպարներ են»:

Ծաղրանկարչի պնդմամբ՝ հումորը լավագույն ձևն է նույնիսկ տխուր թեմաների մասին խոսելու և խնդիրներ բարձրաձայնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG