Մատչելիության հղումներ

Անհայտ անձինք շարունակում են վնասել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների մեքենաները


«Հիմնադիր խորհրդարանի» աջակիցների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» աջակիցների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ահազանգում են՝ նախորդ մեկ շաբաթում անհայտ անձինք արդեն երեք անգամ վնասել են իրենց ավտոմեքենաները, որոնցով ձայնային տեխնիկա է տեղափոխվում Ազատության հրապարակ:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Շահեն Պողոսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չնայած ոստիկանությանը ներկայացրած իրենց դիմումներին, ոչ միայն որևէ բացահայտում չկա, այլև՝ իրենց ավտոմեքենաները շարունակում են վնասվել:

«7-8 օր առաջ Նալբանդյանի վրա կանգնած ա եղել մեքենան, առավոտը զարթնել եմ, տեսել եմ մեքենայի ակերը ծակած են դանակով՝ 3-4 սանտիմետրանոց ճղված տեղեր էր», - պատմեց նա։

Պողոսյանի խոսքով, մինչ վերանորոգում էին ավտոմեքենայի անվադողերը, ինքը վերցրել է եղբորը պատկանող «Գազ-24» մակնիշի ավտոմեքենան և դրանով ընդամենը մեկ անգամ ձայնային տեխնիկա է տեղափոխել Ազատության հրապարակ: Հանրահավաքից ժամեր անց անհայտ անձինք ծակել են եղբոր մեքենայի չորս անիվները, որն, ի դեպ, Շահեն Պողոսյանի եղբայրը կայանել էր ոչ թե իր տան մոտ, այլ իր ընկերոջ ցանկապատված բակում: «Հիմնադիր խորհրդարանի» անդամի պնդմամբ՝ ակնհայտ է, որ եղբորը հետևել են, տեսել են, որտեղ է կայանում «Գազ-24»-ը և գիշերը վնասել են ավտոմեքենան:

Երրորդ դեպքը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը՝ նախորդ հանրահավաքից հետո: Այս անգամ վնասել են Շահեն Պողոսյանի արդեն վերանորոգված ավտոմեքենան:

«Մեքենան Բայրոնի վրա էր կանգնած, մենք ձեռքով տանում էինք բարձրախոսը դեպի Ազատության հրապարակ։ Երբ հանրահավաքը վերջացավ, եկանք՝ տեսանք դիմացի ակը իջած է։ Մինչև զապասը փոխեցի՝ մնացածն էլ սաղ իջան։ Էս անգամ ծակել էին սուրբ բզի նման բանով», - պատմեց Պողոսյանը, - «Ու գումարած՝ բենզոբակի տեղը պոկել են, շաքարավազ են լցրել։ Դա երևի լցնում են, որ խցանում լինի ամբողջ սիստեմայում»։

Ոստիկանության լրատվական ծառայությունից խոստացան ավելի ուշ արձագանքել «Ազատության» հարցմանը, թե ինչ կարող են ասել վնասված ավտոմեքենաների կապակցությամբ:

«Հիմնադիր խորհրդարանի» աջակից Վահրամ Պետրոսյանի խոսքով, ակնհայտ է, որ այս ամենի հետևում կանգնած են իշխանությունները, որոնք փորձում են բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտել ընդդիմադիր կազմակերպության գործունեությունը: Այն բանից հետո, երբ անցած ուրբաթ անհայտ անձինք ծեծի ենթարկեցին ցույցերը համակարգող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին, Պետրոսյանն է զբաղվում Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքների կազմակերպչական հարցերով:

«Գիշերով գալ՝ մեքենաների ակները ծակել․․․ դրանք շատ մանր քայլեր են», - մեկնաբանեց Վահրամ Պետրոսյանը։

Շահեն Պողոսյանը հիշեցրեց՝ իր նույն այդ ավտոմեքենան հրկիզել են 2014թ․ նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ Նալբանդյան փողոցում: Այնուհետև՝ 2015թ․ հունվարին, Բերձորում Ժիրայր Սեֆիլյանի՝ դեպի Ստեփանակերտ գլխավորած հայտնի երթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ոստիկանները մահակներով կոտրել էին ավտոմեքենայի ապակին։

«Իմ մեքենան ոնցոր սիմվոլ լինի։ Երկիրը երբ որ նորմալ երկիր լինի, ես կհանձնեմ թանգարանին, որ սա որպես հեղափոխական նմուշ մնա մեր Հայաստանի պատմության մեջ», - ասաց Պողոսյանը։

XS
SM
MD
LG