Մատչելիության հղումներ

ՄԻՊ. Մարտիրոսյանի և Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են Գլխավոր դատախազություն


Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ, ուղարկվել են Հայաստանի գլխավոր դատախազություն։

«Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել և նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Այնուհետև, նրանց կալանավորելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ այցելել և ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձին հանդիպել է ինչպես Մարտիրոսյանին, այնպես էլ Սանասարյանին», - ասված է հաղորդագրությունում:

Օմբուդսմենի գրասենյակը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմում են հասցեագրել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները՝ խնդրելով պաշտպանի աջակցությունը Մարտիրոսյանի և Սանասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու հարցում:

«Հաշվի առնելով Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի հետ առանձնազրույցների արդյունքները, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության դիմումի հանգամանքները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Այնուհետև, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում Ա. Մարտիրոսյանի և Դ. Սանասարյանի հայտնած բոլոր տեղեկությունները սահմանված կարգով ամփոփվել և այսօր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ քրեական գործի նախաքննության շրջանակներում դրանք քննարկելու նպատակով», - հաղորդում է օմբուդսմենի գրասենյակը՝ նշելով. - «Մեր կողմից կատարված գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ուղարկվել են նաև Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիոսյանն ու կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, հիշեցնենք, ձերբակալվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում հուլիսի 29-ին ուշ երեկոյան տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG