Մատչելիության հղումներ

Էրդողան. Բանակցությունները նոր էջ կբացեն ռուս-թուրքական հարաբերություններում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պետերբուրգյան բանակցություններին ընդառաջ «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, և վաղը կայանալիք բանակցությունները նոր էջ կբացեն ռուս-թուրքական հարաբերություններում։

Էրդողանը օգոստոսի 8-ին Սանկտ Պետերբուրգ կատարելիք իր այցը որակել է պատմական և հավելել, որ Մոսկվան ու Անկարան շատ անելիքներ ունեն։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ կարգավորել սիրիական ճգնաժամը, իսկ Եվրամիության մասին Էրդողանն ասել է, որ Բրյուսելը շուրջ 53 տարի է «Թուրքիայի գլուխը տանում է և Թուրքիայի նկատմամբ կիրառում է երկակի ստանդարտներ»։

Էրդողանն ու Պուտինը հանդիպելու են առաջին անգամ 2015 թվականի նոյեմբերի 24-ի միջադեպից հետո, երբ թուրք-սիրիական սահմանին թուրքական ռազմական ուժերը խոցել էին ռուսական ռազմական օդանավը։

Յոթ ամիս անց Թուրքիայի նախագահը նամակ էր ուղղել Պուտինին, որում, ինչպես պաշտոնական Մոսկվան էր հայտարարել, ներողություն էր խնդրել կատարվածի համար։ Այդ նամակից հետո սկսվեց ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնելու սրընթաց գործընթացը։

Օգոստոսի 5-ին Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը որոշ մանրամասներ է հայտնել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական բանակցությունների օրակարգից։

Դեսպանի փոխանցմամբ, օրակարգում են ռուսական շուկա թուրքական մթերքի վերադարձին, չարտերային ավիահաղորդակցության վերականգնմանը, «Թուրքական հոսք» գազատարի ծրագրին, սիրիական ճգնաժամին և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Փորձագետների կարծիքով՝ առանցքային հարցը ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում գործնական համագործակցությունն է սիրիական ճգնաժամի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG