Մատչելիության հղումներ

«Դատարան չես կարում դիմես, սաղ իրանցն ա, բայց որ դու ես պարտք լինում, այ էն վախտ դատարանի հարցերը շատ հեշտ լուծվում են»,- դժգոհում են խաղողագործները:

«Բա ես 150 տոննա խաղող ունենամ, իմ երեխեն էսօր սոված մնա՞»,- տարակուսում է Արմավիրի մարզի Ամասիա գյուղի բնակիչ Սոխակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ամբողջ տարի ընտանիքով աշխատել, խաղող են մշակել, սակայն, մինչ օրս մթերված բերքի գումարը չեն ստացել։ Գինի ու կոնյակ արտադրող ընկերությունները խաղողագործին պարտք են 8 միլիոն դրամ։

«Անցյալ տարվա մեր սաղ աշխատանքը, մեր ընտանիքի քրտինքը դեռ չեն վերադարձրել, իսկ մեզ էլ ոչ ոսկի մնաց, ոչ էլ՝ վարկերի տեղ մնաց․․․դատարան չես կարում դիմես, սաղ իրանցն ա, բայց որ դու ես պարտք լինում, այ էն վախտ դատարանի հարցերը շատ հեշտ լուծվում են»,- ասում է խաբված խաղողագործը:

Նույն խնդիրներն են Արմավիրի մարզի մյուս գյուղերում, նաև «Արենի» տեսակի խաղող արտադրող Վայոց ձորի մարզում: Սարդարապատ գյուղի բնակիչներն իրենց խաղողը մթերել են դեռ 9 ամիս առաջ, սակայն, դատարանում են հայտնվել․․․ վարկերը չմարելու համար։ Գյուղացիները մի քանի անգամ, որպես բողոքի նշան, նույնիսկ մայրուղի են փակել, սակայն, մինչ օրս խնդիրը չի լուծվել։

«Հասել ենք էն աստիճանի, որ փակուղու առաջ ենք, մեր գործը, տունը, տնտեսությունը․․․առանց գումարի ո՞նց կարանք հոսանքի, գազի վարձ մուծենք: Որ ոռոգման ջուր ենք ուզում, ասում են՝ բերեք վարձը տվեք՝ նոր ջրեք, էդ էլ հո իրանցից ա կախված, կարա՞ն գոնե էդ հարցը լուծեն», «շուտով վարկեր մարելու մեր օրերն ա, հույսս իմ խաղողի փողն էր, հիմի թուղթը եկել ա բանկից, ես ի՞նչ անեմ․․․»,- հարցեր են տալիս հուսահատ գյուղացիները:

Խաղողագործների միության տվյալներով՝ խաղող մթերած գյուղացիներին անցած տարվանից ավելի քան 1 միլիարդ 500 միլիոն դրամ չի վճարվել։ Կոնյակ ու գինի արտադրող ընկերությունները պատճառաբանում են, թե խնդիրը կապված է արտահանումների ու տարադրամի փոխարժեքի տատանումների հետ։ Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի խոսքով, սակայն, այդ ընկերությունների մեծ մասը բնական հումքի փոխարեն կոնյակի սպիրտով է արտադրություն կազմակերպում։ Տնտեսության գերակա ճյուղ հայտարարված խաղողագործության ոլորտը չի վերահսկվում՝ դժգոհում է միության նախագահը։

«Բոլորս բարձրաձայնում ենք՝ մեր «Արենի» գինին, «Արենի» սորտի խաղողը, ու բոլորս ունենք «Արենի» գինու արտադրություն, բայց Աղավնաձոր գյուղում՝ այդ սորտի հայրենիքում, «Արենի» խաղողը չի գնվում: Դա ի՞նչ ա նշանակում, առանց հումքի արտադրություն․․․գերակա ճյուղին ինչպիսի՞ մոտեցում ա ցուցաբերվում կառավարության կողմից: Ոչ մի վերամշակող ձեռնարկություն խաղողագործի հետ չի կնքում խաղողի գնման պայմանագիր, էդ հարցը չի լուծվում»,- ասում է Արտակ Սարգսյանը:

Նա առաջարկում է՝ Վրաստանի օրինակով սուբսիդավորել ու մատչելի վարկեր տրամադրել խաղողագործներին: Հայաստանի գյուղնախարարությունը, մինչդեռ, պարբերաբար հայտարարում է գործարանատերերի կողմից պայմանագրերի կնքման գործընթացը սկսելու մասին, նաև այն մասին , թե «մթերված խաղողի գումարն աստիճանաբար վճարվում է»։

XS
SM
MD
LG