Մատչելիության հղումներ

Գասպարին իր դռան մոտ դրված թրիքը «թափել է Սերժ Սարգսյանի տան մոտ»


Վարդգես Գասպարիի հերթական բողոքի ակցիան Երևանում, արխիվ

Վարդգես Գասպարիի հերթական բողոքի ակցիան Երևանում, արխիվ

Ակտիվիստին բերման են ենթարկել, սակայն, որոշ ժամանակ անց ազատ են արձակել:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր վաղ առավոտյան իր բնակարանի դռան դիմաց դարձյալ թրիք է հայտնաբերել։ Վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր նախագահ Սերժ Սարգսյանի տան դիմաց ցույց անող ակտիվիստն այդ թրիքի մի մասը վերցրել է և գնացել նախագահի տան մոտ։

«Վերցրեցի տարա Սերժի տան դիմաց հետ շպրտեցի, ոստիկաններ կային այնտեղ, փորձեցին չթույլատրել, բայց իրանց մոտ բան չստացվեց, թրիքն արդեն թափել էի Սերժի տան դիմաց»,- պատմեց ակտիվիստը: Հատկապես պառկած դիրքով բողոքի ակցիաներով հայտնի Գասպարին վստահ է, որ թրիքն իր տան մոտ իշխանությունների պատվերով են բերել՝ «Սա իմ փորձից է, երբ ես Սերժ Սարգսյանի տան դիմաց ակցիա եմ անում, այդ թրիքը բերում են»:

Վարդգես Գասպարին իր ակցիաները միայնակ է անցկացնում, պահանջները մի քանիսն են: «Առաջին հերթին, ուրեմն, Սերժ Սարգսյանը կանգնի դատարանի առջև մարտի 1-ի սպանությունների համար, որի շնորհիվ ինքը եկել ա իշխանության, երկրորդ հերթին՝ բանակում ոչ ռազմական գործողությունների ընթացքում ամեն տարի մի քանի տասնյակ զինծառայողների սպանության համար և երրորդը, այսպես կոչված՝ անպետք հողերի համար 100-ից ավելի զինծառայողների մահվան բերանը ուղարկելու համար»,- իր պահանջներն է թվարկում Վարդգես Գասպարին:

Ակտիվիստն այսօր նույնպես բողոքի ակցիա է իրականացրել, իր դռան մոտ դրված թրիքի մյուս մասն էլ՝ տոպրակով իր հետ տարել: «Նախագահի տան պահակները և ոստիկանությունը եկան, վերցրեցին պաստառս և տոպրակը, պահանջեցին, որ ես եկածս ճանապարհով ետ գնամ, ես իհարկե չգնացի, ոստիկաններն էլ ինձ բերման ենթարկեցին»,- պատմեց Գասպարին, ում բերման ենթարկելուց մի քանի ժամ անց ազատ են արձակել:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Գասպարին բերման է ենթարկվել վարչական օրենսգրքի 172.2 հոդվածի պահանջներին համապատասխան՝ հասարակական վայրերը օգտագործելու կանոնները խախտելը։ Այս հոդվածը նախատեսում է նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով տուգանք։

Գասպարին «Ազատությանն» ասաց, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, իսկ բողոքի ակցիաները շարունակելու է։

XS
SM
MD
LG