Մատչելիության հղումներ

Կյուրեղյանների մայրը կրկին բերման է ենթարկվել


Հայկ, Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ Նվարդ Կյուրեղյանը:

Հայկ, Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ Նվարդ Կյուրեղյանը:

Առավոտյան ժամը 11-ին բնակարանից արդեն երկրորդ անգամ բերման է ենթարկվել Հայկ, Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների մայրը՝ Նվարդ Բիլյանը։

«Ազատության» հետ զրույցում Նվարդ Բիլյանն ասաց, որ առաջին անգամ իրեն բերման էին ենթարկել հուլիսի 17-ին․ - «Առանց տեղեկացնելու, առանց ծանուցման, եկան, կարդացին, որ ինձ բերման են ենթարկում սառը զենք մոտս ունենալու համար»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների միջամտությամբ պարզվել է, որ Նվարդ Բիլյանին բերման ենթարկելու մասին ծանուցում չի ուղարկվել․ - «Մի քառասուն րոպե երևի մնացի, մինչև Մարդու իրավունքներից եկան և ասացին, որ առանց ծանուցելու իրավունք չունեք բերման ենթարկել»:

Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքից Նվարդ Բիլյանին ազատ են արձակել, ուղարկել ծանուցում, որի համաձայն Կյուրեղյանների մայրը ոստիկանութուն պետք է ներկայանա ժամը 19.30։

Սառը զենք կրելու մեջ կասկածվող 58-ամյա կինն ասում է՝ զենք չունի․ - «Ծիծաղելի ա իրանց առաջադրած մեղադրանքը իմ համար, զավեշտալի մի բան ա: Ես չգիտեմ ծիծաղեմ թե լացեմ: Ո՞նց կարելի ա տենց կեղծ մեղադրանք հայ կնոջը ներկայացնել: Պարզապես քաղաքական հետապնդում ա: Ես իմ կյանքում չեմ հիշում ըտենց դեպք, որ մենք ինչ-որ օրենքի խախտում արած լինենք»:

Դեռ 2014-ին Շանթ Հարությունյանի դատավարության մեկնարկին դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի երկու եղբայրները՝ Արեգը և Սերգեյը մասնակցել են ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը։ Երեք տղաների մայրը իրեն բերման ենթարկելու փաստը կապում է որդիների ակտիվ գործունեության հետ։

Հուլիսի 17-ին, Նվարդ Բիլյանի հավաստմամբ, իրեն բերման են ենթարկել օրենքի կոպիտ խախտումներով․ - «Նրանք դուռը ջարդեցին՝ բացե՛ք, բացե՛ք: Ասեցինք ով ա, թե՝ ոստիկանությունից ա, եթե չբացեք, կջարդենք: Ներխուժել են տուն, սկսել են դարակները քրքրել: Էդ դարակներից Արեգի ուսապարկն են հանել, էդ էն ուսապարկն էր, որով ինքը գնում էր դիրքեր․․․ Ասում են՝ պետք ա գաք, ձեր ամուսնու տեղը ասեք: Ասում եմ՝ ես չգիտեմ որտեղ ա ինքը: Քաշքշելով հանել են տնից, ձեռքերս կապտացնելով, թե՝ պետք ա գաք, հավանական տեղերը ցույց տաք»:

Ոստիկանության ուշադրության կենտրոնում է նաև Կյուրեղյանների հայրը՝ Արմենակը։ Նախկինում նա նույնպես բերման էր ենթարկվել՝ հուլիսի 17-ին և 29-ին՝ կրկին սառը զենք կրելու կասկածանքով։

Նվարդ Բիլյանը նշեց, որ իր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հետ կատարվածից հետո եզրակացրել է՝ Հայաստանում ապրելն անվտանգ չէ․ - «Եվ չեմ էլ կարծում, որ ինչ-որ մեկը իրան ապահով զգա: Մեր շուրջը արդեն էնքան անօրինական բաներ են կատարվում, որ զարմանում ես, թե էս ի՞նչ երկրում ենք ապրում»:

Որդիների արարքի մասին Նվարդ Բիլյանը տեղյակ չի եղել։ Սակայն ասում է՝ նրանց պայքարն անարդարության դեմ է․ - «Եթե ես իմանայի, երևի ես էլ ամեն ինչ անեի, որ․․․ Չնայած ինձ իրանք լսողը չեն, իրանք արդեն հասուն, իրանց գաղափարներով, իրանց գաղափարների մեջ համոզված մարդիկ են։ Ես ուղղակի մամա եմ: Որպես մայր, բոլոր մայրերի պես, պետք ա աջակցեմ: Պետք ա ամեն ինչում փորձեմ օգնել, իմ տղաներն են»:

Նա հիշում է, որ Սերգեյի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումները մեղմելու համար անընդհատ ընդգծում էր, որ Հայկն արդեն անազատության մեջ է, և երկրորդ նման դեպքը մոր համար կրկնակի ցավոտ կլինի: Որդու պատասխանը միշտ նույնն է եղել․ - «Բա ի՞նչ ասեն, ասում էր, էն սահմանին զոհված տղաների մամաները։ Բոլորը ասեն՝ վա՜յ, մի՛ գնացեք, վա՜յ, կզոհվե՞ք»:

XS
SM
MD
LG