Մատչելիության հղումներ

«Ազգային համաձայնության իշխանությունը» կձևավորվի ընտրություններից հետո․ Նաղդալյան


Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Հերմինե Նաղդալյան
Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Հերմինե Նաղդալյան

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած ազգային համաձայնության իշխանության ձևավորումը ենթադրում է 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո լայն կոալիցիոն կառավարություն: Երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարեց խորհրդարանի հանրապետական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Այն բարեփոխումները, որ մենք կատարել ենք Սահմանադրության մեջ, ունեցել են իրենց մեջ այդպիսի գաղափարախոսություն, որ երկրի կառավարման գործընթացների մեջ պիտի լինի լայն կոալիցիոն կամ լայն ազգային համաձայնություն: Այս նպատակով մենք տարանք Սահմանադրության փոփոխությունները և ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք, ըստ մեզ և ըստ ՀՀ նախագահի, հենց այդպիսի լայն համաձայնության կառավարություն», - նշեց Նաղդալյանը:

Հանրապետականը 2016-ի փետրվարին կոալիցիոն համաձայնագիր կնքեց Հայ հեղափոխական դաշնակցության հետ:

«Ազատության» հարցին՝ լայն համաձայնության կառավարության ստեղծման նպատակով արդյոք Հանրապետականը բանակցություններ վարո՞ւմ է այլ քաղաքական ուժերի հետ, Նաղդալյանն արձագանքեց․ - «Ես պատրաստ չեմ պատասխանելու այն մասին, թե կոնկրետ ինչ բանակցություններ կան կամ կարող են լինել այս պահին կամ մեկ այլ ժամանակահատվածում, որովհետև սրանք խնդիրներ են, որոնք բավականին լայն հատվածի են վերաբերում և սրանց հիմնական արդյունքները մենք տեսնելու ենք ընտրություններից հետո, ընտրությունների արդյունքում»:

Հայ ազգային կոնգրեսում չցանկացան մեկնաբանել ազգային համաձայնության իշխանության մասին նախագահ Սարգսյանի հայտարարությունը:

«Բարգավաճ Հայաստանի» նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, մինչև ազգային համաձայնության իշխանության մասին խոսելը հարկավոր է լուծել երկրում կուտակված լրջագույն խնդիրները:

«Մեկ բան հստակ է՝ հանրության մի մեծ հատվածի մոտ այս դեպքերով լեգիտիմացվեց զենքով հարց լուծելու մտայնությունը: Ես չեմ կիսում այդ մտայնությունը և «Բարգավաճ Հայաստանը» երբևէ կողմ չի լինելու զենքով հարց լուծելուն, բայց մենք պիտի առկա փաստերի հետ հաշվի նստենք, և ինչքան շարունակվի այս բարեփոխումների իմիտացիան և իրական քայլեր չարվեն, ես խիստ կասկածում եմ, որ մենք ընդհանրապես կարողանանք հասնել խորհրդարանական ընտրությունների, որ մի հատ էլ մտածենք ազգային համաձայնության կառավարությունների մասին», - մեկնաբանեց Զոհրաբյանը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանն ընդգծեց՝ նախորդ շաբաթների զարգացումներից հետո ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին առաջինը՝ դեռ հուլիսի 28-ին, խոսել է իրենց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Մեզ համար գաղափարն ինքնին ընդունելի է, բայց ներկայումս «Հայկական վերածնունդ» կուսակցության քաղաքական օրակարգում այդպիսի հարց դրված չէ: Մեզ համար գլխավորը նախ և առաջ այդ համաձայնության մթնոլորտի ձևավորումն է, ապա ինստիտուցիոնալ լուծումները: Իսկ այդ մթնոլորտը ձևավորելու համար ի սկզբանե անհրաժեշտ է բացահայտել և պատժել լրագրողների և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կատարող անձանց, անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր անմեղ, քաղաքական նկատառումներով ձերբակալված անձանց», - հայտարարեց Շահգելդյանը:

«Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի խոսքով, Հայաստանին հարկավոր չէ իշխանությունների առաջարկած ազգային համաձայնության կառավարությունը․ - «Հայաստանում պետք է գործի անցումային ժամանակավոր կառավարություն, որը պետք է նախապատրաստի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, բայց դրա նախաձեռնողը չպետք է լինի Սերժ Սարգսյանը՝ ահաբեկիչը չի կարող լինել նման նախաձեռնության հեղինակ: Դրա նախաձեռնողը պետք է լինի ժողովուրդը՝ ի դեմս իր կողմից ընտրյալ լավագույն անձանց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG