Մատչելիության հղումներ

Լրագրողի պնդմամբ, Սարի թաղի բռնարարներից երկուսը Ոստիկանապետի թիկնազորից են


Նկարում՝ Լ․ Երանոսյանն ու Հ․ Պողոսյանը, լրագրողի նույնականացրած՝ Արշակ և Գագո (ձախից երկրորդն ու չորրորդը) անունով անձինք

Նկարում՝ Լ․ Երանոսյանն ու Հ․ Պողոսյանը, լրագրողի նույնականացրած՝ Արշակ և Գագո (ձախից երկրորդն ու չորրորդը) անունով անձինք

Թեհմինե Ենոքյանն այժմ սոցցանցով հաշվեհարդարի սպառնալիքներ է ստանում, նա հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

Լրագրող Թեհմինե Ենոքյանի տեղեկություններով՝ Սարի թաղում լրագրողների ու ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացիական հագուստով անձանցից առնվազն երկուսը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամներ են:

Համադրելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարները հուլիսի 29-ի գիշերվա կադրերի հետ, լրագրողը նույնականացրել է հրապարակային տարբեր միջոցառումների ժամանակ ոստիկանապետի կողքին կանգնած Արշակ անունով մի տղամարդու և «Ֆեյսբուք»-ում Գագո Զոհրաբյան անունով ներկայացող մեկ ուրիշին: Հատկապես հենց նա է գրեթե ամենուր ուղեկցել Վլադիմիր Գասպարյանին:

«Այս էջից քաշել եմ մի քանի ֆոտոներ, դրանք շատ ակնառու ցուցադրում են, որ այս անձը, որը Վլադիմիր Գասպարյանի անվտանգության աշխատակիցն է: Ինչպես տեսնում եք, իրենք աշխատանքի մեջ են: Մյուս լուսանկարում էլ, ինչպես տեսնում եք՝ [փոխոստիկանապետ] Լյովա Երանոսյանն է, արդեն ռեստորանային մտերմիկ հարաբերությունների մասին խոսող լուսանկար է»,- «Ազատության» հետ զրույցում նկարագրեց Թեհմինե Ենոքյանը:

Առջևի պլանում՝ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, երկրորդ պլանում աջից՝ լրագրողի նույնականացրած՝ Գագո անունով թիկնապահը

Առջևի պլանում՝ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, երկրորդ պլանում աջից՝ լրագրողի նույնականացրած՝ Գագո անունով թիկնապահը

Լրագրողը վկայակոչում է «Civilnet»-ի տեսանյութը, որում իր նույնականացրած տղամարդիկ Սարի թաղում հրահանգներ են տալիս մահակներով զինված խմբին՝ «Հանդիպելով այն հայտարարությանը, որ ոստիկանապետը փորձում է գտնել, թե ովքեր են եղել բռնություն կիրառող անձինք, ես փորձել եմ ցույց տալ, թե ովքեր են այդ մարդիկ և առավոտյան հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին»,- ասաց լրագրողը:

Լուսանկարները հրապարակելուց հետո Թեհմինե Ենոքյանը սկսել է սոցցանցով սպառնալիքներ է ստանալ, իր կարծիքով, կեղծանունով գրանցված օգտատիրոջից՝ «Սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել իմ հասցեին, խոստանում է ինձ գտնել, ասում էր՝ հնարավորինս հեռու փախնեմ, հանկարծ ինձ չգտնի․․․ գտնելու դեպքում ինչեր է պատրաստվում անել՝ չեմ ուզում բովանդակությունն ընդգծել, որովհետև եթերային չեն: Հետևաբար, հաշվի առնելով այն ծեծ ու ջարդը, որը կա ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում այսօր պայքարող քաղաքացիների նկատմամբ, լրագրողների նկատմամբ և այլն, ես համարում եմ, որ էս գրառումն իրենից վտանգ է ներկայացնում, չեմ բացառում, որ սա կեղծ պրոֆիլից գրված քոմենթ է, բայց չեմ բացառում, որ իրականացնողները, այնուամենայնիվ, կարող են և գտնվել: Հաշվեհարդար կարող են տեսնել, որովհետև իրենց լուսանկարների փաթեթն եմ էսպես բացահայտել»:

Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանում այս հրապարակումը: Կառույցի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով, ի դեպ, նույնպես լուսանկար ունի Գագո անունով սոցցանցում գրանցված տղամարդու հետ, միայն ասաց, որ լրագրողի հաղորդումը ստացել են: «Հաղորդումն ասյօր է դրվել, կուսումնասիրենք, լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Ահարոնյանը: Հերմինե Ենոքյանը հակադարձում է՝ «Սա ընդամենը շոու է, որը կազմակերպում է Վլադիմիր Գասպարյանը: Հուսանք, որ նա կբացահայտի իր իսկ անվտանգության աշխատակիցներին և պատժի կենթարկի»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով, նույնականացումները միանգամայն համոզիչ են, դեմքերը՝ հստակ ճանաչելի: «Մենք արդեն չենք զարմանում, երբ քրեական հետախուզման ֆունկցիաները Հայաստանում իր վրա է վերցնում քաղհասարակությունը: Մենք դա տեսնում ենք ընտրությունների ժամանակ, նաև հիմա, երբ պետք է գտնել այդ քաղաքացիական անձանց»,- «Ազատությանն» ասաց Իոաննիսյանը:

Ոստիկանապետի հանձարարականը՝ հայտնաբերել քաղաքացիական հագուստով անձանց, որոնք, ըստ ոստիականության, նաև իրավապահներին են հարվածել, Դանիել Իոաննիսյանը համարում է միջազգային կառույցներին նորից խաբելու փորձ՝ «Հո Վլադիմիր Գասպարյանի թիկնապահներն իրանց գլխից չե՞ն որոշել, որ պիտի գնան ոստիկանների շարքով անցնեն ու էնտեղ սկսեն մարդ ծեծել: Սա եղել է Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հա՛մ որպես գործատունի, հա՛մ որպես ոստիկանապետի: Հիմա ո՞նց է Գասպարյանն իրենց պատասխանատվության ենթարկելու: Իր իսկ հրամանը կատարելու համա՞ր: Դա իրենց «պանյատներով» չի»:

XS
SM
MD
LG