Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչներն արձագանքում են Գլխավոր դատախազի հրաժարականին


Գևորգ Կոստանյան

Գևորգ Կոստանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականը առողջական խնդիրների հետ կապ չունի:

Զոհրաբյանի պնդմամբ՝ հրաժարականը կապ ունի Պարեկապահակային գնդի տարածքի գրավման շուրջ տեղի ունեցած իրադարձությունների և «Սասնա ծռեր» խմբավորման հետ․ - «Համենայն դեպս, էսպիսի վարկած է շրջանառվում, որ ինքն է հրաժարական տվել, որովհետև չի ցանկացել ինչ-ինչ քայլերի կատարել իր խղճի դեմ»:

Մոտ մեկ շաբաթ առաջ «Շանթ» հեռուստաընկերության եթերում Գևորգ Կոստանյանը խոսել էր «Սասնա ծռերի» անդամներին առաջադրված մեղադրանքների մասին և շեշտել, որ Հայաստանի օրենսդրությամբ զենքերը վայր դնելու և պատանդներին ազատ արձակելու դեպքում նրանց հանդեպ իրավական գնահատականը կմեղմացվի․ - «Խրախուսական նորմի իմաստը հետևյալն է․ երբ որ կամովին հրաժարվում ես հանցագործությունից, այսինքն պատանդներին բաց ես թողնում, 218 հոդվածի պայմաններում, երկրորդ, շենքեր, շինություններ զավթելու պայմաններում, երբ որ կամովին հանձնում ես և հրաժարվում ես, երկու դեպքում էլ գործում է խրախուսական նորմը, և անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության»:

Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Կոստանյանի հեռացումը կարող է նաև նշանակել, որ զինված խմբավորման անդամներին առաջադրվելիք մեղադրանքները հնարավոր է ավելի խիստ լինեն․ - «Դա ինչ-որ մտահոգիչ մեսիջ է․․․ Եթե իրական պատճառը այն է, ինչ որ շրջանառվում է քաղաքական կուլիսներում, որ Կոստանյանը ինքն է հրաժարական տվել, որովհետև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն հարգվելու, սա մտահոգիչ մեսիջ է»:

Զոհրաբյանը վստահ է, որ ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների հետ են կապված նաև պաշտոնանկությունները Ազգային անվտանգության ծառայությունում և Ոստիկանությունում․ - «Ես կարծում եմ, որ թերացել էին: Բայց որտե՞ղ էին թերացել, ի՞նչ էին թերացել․․․ Գիտեք, մեր երկրի պրոբլեմն այն է, որ բոլոր գործողությունները, ըստ էության, ստվերային են տեղի ունենում: Անգամ հիմնական քաղաքական ուժերը էստեղից-էնդեղից են իմանում ով, ինչի համար․․․ այսինքն՝ բաց, հրապարակային հաշվետվություն հանրությանը չի տրվում: Օրինակ, Նորքի ոստիկանապետը կամ Էրեբունու ոստիկանապետը կոնկրետ ո՞ր թերացման համար հեռացվեց: Չէր կարելի Գլխավոր դատախազի պաշտոնանկության [պատճառ բերել] առողջական խնդիրներ, մի քիչ ավելի արժանահավատ պատճառ մտածեին»:

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն էլ վստահ է, որ պաշտոնանկությունները կապված են «Սասնա ծռերի» գործողությունների հետ: Նա կարծում է, որ Սերժ Սարգսյանը այս եղանակով փորձում է կառավարել իրավիճակը․ - «Անկառավարելի վիճակ է, քանի որ եթե նման անձինք, նման պաշտոնյաները երկար ժամանակ պաշտոնավարել էին և չէին ունեցել որևիցե խնդիրներ Սերժ Սարգսյանի հետ, ապա հիմա հանդես են գալիս այսպիսի վարքագծով, այսինքն նրանց նկատմամբ կա՛մ հրամաններ են արձակում, որ իրենք պաշտոնանկ լինեն, կամ իրենք են հրաժարականներ ներկայացնում, սա խոսում է այն մասին, որ միակուռ ղեկավարումը իր կողմից փաստորեն խախտված է»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը և իշխող կոալիցիայի անդամ Դաշնակցությունը պաշտոնանկություններին դեռ չեն արձագանքում։

Իսկ Հանրապետական կուսակցությունում պաշտոնական հաղորդագրություններին են հղում տալիս։

Երեկ երեկոյան ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ըստ էության չբացառեց, որ առաջիկայում նոր պաշտոնանկություններ կլինեն․ - «Ես կարծում եմ, որ կլինեն գործընթացներ: Բավականին խնդիրներ, որ այս օրերին արծարծվել են մեր հասարակության կողմից, այս խնդիրների արտահայտումը քայլերի միջոցով, գործողությունների միջոցով մենք տեսնելու ենք»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները կարծում են, որ առաջիկայում նոր պաշտոնանկություններ կլինեն:

XS
SM
MD
LG