Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահ. «Ընտրություններից հետո ունենալու ենք լայն կոալիցիոն կառավարություն»


«Ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք լայն համաձայնության կառավարություն», - հինգշաբթի օրը Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

«Այն բարեփոխումները Սահմանադրության մեջ, որ մենք կատարել ենք, այդ բարեփոխումներն ունեցել են իրենց մեջ այդպիսի գաղափարախոսություն, որ երկրի կառավարման գործընթացների մեջ պետք է լինի լայն կոալիցիոն կամ լայն ազգային համաձայնություն, այս նպատակով մենք տարանք Սահմանադրության փոփոխությունները և ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք, ըստ մեզ և ըստ Հայաստանի Հանրապետության նախագահի, հենց այդպիսի լայն համաձայնության կառավարություն», - ասաց Նաղդալյանը։

Հարցին, թե այս պահին այդ ուղղությամբ բանակցություններ տարվո՞ւմ են քաղաքական ուժերի հետ, թե դա կարվի ընտրություններից հետո, ԱԺ փոխնախագահն այսպես պատասխանեց. - «Ես պատրաստ չեմ Ձեզ պատասխանելու այն մասին, թե կոնկրետ ինչ բանակցություններ կարող են գնալ հենց այս պահին կամ մեկ այլ ժամանակահատվածում, որովհետև սրանք խնդիրներ են, որոնք բավականին լայն հատվածի են վերաբերում, և սրանց հիմնական արդյունքները մենք տեսնելու ենք ընտրություններից հետո՝ ընտրությունների արդյունքում»։

XS
SM
MD
LG