Մատչելիության հղումներ

ՄԻՊ. Լամբարյանին, Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներ Արմեն Լամբարյանին և Սեդրակ Նազարյանին «խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»։

Օմբուդսմենի գրասենյակը տեղեկացնում է, որ պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ խոչընդոտվում է Արմեն Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ և որ փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։ Լամբարյանին և Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում։

«Հաղորդում ստանալուց անմիջապես հետո՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Տեղի են ունեցել առանձին հանդիպումներ ինչպես Արմեն Լամբարյանի, այնպես էլ Սեդրակ Նազարյանի հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ։ Մանրամասն ուսումնասիրությունների, ինչպես նաև առանձնազրույցների ընթացքում Ա․ Լամբարյանին կամ Ս․ Նազարյանին խոշտանգման կամ որևէ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկելու մասին տեղեկությունները չեն հաստատվել: Բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ նշված անձանց կողմից որևէ բողոք չի ներկայացվել», - հաղորդում է օմբուդսմենի գրասենյակը։

Ինչ վերաբերում է փաստաբանի մուտքին կամ նրան վարույթին չներգրավելուն, ապա, ըստ օմբուդսմենի գրասենյակի,այդ հարցն արդեն քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով այսօր առավոտյան համապատասխան գրություն կուղարկվի նախաքննության մարմնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG