Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, ընդհատակում գտնվող Գարեգին Չուգասզյանի գնահատմամբ, զենքը վայր դրած և իշխանություններին հանձնված «Սասնա ծռեր» զինված խմբին հաջողվել է «հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացնել» և հասնել «անհավանական արդյունքի»:

«Սասնա ծռերը» ապացուցեցին, որ իրենք ոչ թե գիտակցության մթագնամբ տառապող քաղաքական մոլագարներ են, այլ իրենց առաքելությունը գիտակցյալ մահապարտ գաղափարակիրներ, որոնք ընտրել են զինված ապստամբությունը որպես ծայրահեղ, բայց և միակ միջոց երկրի դավաճանական մոտալուտ աղետը կանխելու, երկրից արտագաղթող ժողովրդի հուսահատությունը չեզոքացնելու և նրան՝ քաղաքացիական ահնազանդությամբ իր իրավունքները ետ նվաճելու համար ոտքի կանգնեցնելու համար», - Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով «Ազատության» հարցերին տրված գրավոր հարցազրույցում հայտարարել է Չուգասզյանը։

Թեև «Հիմնադիր խորհրդարանի», ինչպես նաև ընդդիմադիր այդ ուժի հետ «Նոր Հայաստան» ազգային փրկության ճակատի շրջանակներում համագործակցող «Ժառանգություն» կուսակցության և «Ոտքի՛, Հայաստան» շարժման ներկայացուցիչները կալանավորված են, Չուգասզյանի խոսքով, ընդդիմադիր այս ուժերը շարունակելու են գործել․ - «Ցանցային դարաշրջանում՝ ոստիկանապետական կարգերի պայմաններում, քաղաքական շարժումները կարող են գործել միայն որպես ցանցեր: Ցանցի քաղաքական «իմպրովիզ» անելու ընդունակ «պարտիզանական» հանգույցները անկախ են, չկա ընդհանուր հրամանատարություն, սակայն կա այդ հանգույցների միջև գործող փոխադարձ ընդունելի պարզ սկզբունքների փոքրաթիվ ցանկ, որը թույլ է տալիս նորանոր հանգույցների ներգրավվել, իսկ որոշ հանգույցների շարքից դուրս գալու դեպքում, մյուս հանգույցների ինքնավար գոյատևում: Սա է «Սասնա ծռերի» այսօրվա հաջողության և հեղինակության հիմքը և վաղվա ուժի աղբյուրը և այն բանտում կամ ընդհատակում լինելուց ոչ միայն չի թուլանալու, այլ միայն կուժեղանա, քանի որ բռնակալության ճնշումները միայն ավելացնելու են մեր քաղաքացիների և Սփյուռքի համակրանքը, ուրեմն և մասնակցությունը ՀԽ-ի և «Նոր Հայաստանի» քաղաքական ծրագրերին»։

Հերթական անդամ նշելով, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ կապված իրադարձությունները «ուղղակիորեն կապված էին Արցախի ազատագրված տարածքների «փոխզիջման» արագացող գործընթացի հետ», Չուգասզյանը ներկայացրել է իրենց այն պահանջները, որոնց իրականացումից հետո «Սասնա ծռերը» կարող են զենքը վայր դնել՝ «քանի որ նորից բացվում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ երկրի ապագայի ճակատագիրը որոշելու հեռանկարը»։

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահի խոսքով, այդ պահանջներն են՝քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների բացառում, քաղբանտարկյալների ազատում, Արցախի հարցում որդեգրած պարտվողական քաղաքական դիրքորոշումից հրաժարում, քաղաքական երկխոսության և փոփոխությունների անհապաղ սկիզբ, ազգային անցումային վստահության կառավարության ձևավորում, Սերժ Սարգսյանի հրաժարական, արտահերթ ընտրություններ։

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահը այսօր հրապարակել է ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով ավելի վաղ բանակցում էր «Սասնա ծռերի» անդամների հետ, բանակցությունների ընթացքում, խոստանում է հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի և Ժիրայր Սեֆիլյանի միջև։ «Ազատության» հարցին՝ թե ո՞րն էր իրենց պահանջած Սեֆիլյան - Սարգսյան հանդիպման նպատակը, Չուգասզյանը պատասխանեց․ - «Հանրահայտ է, որ թե՛ «Հիմնադիր խորհրդարանը», թե՛ «Նոր Հայաստանը» և թե՛ անձամբ Ժիրայր Սեֆիլյանը ապրիլյան պատերազմից հետո հրապարակավ հարցեր ուղղեցին Սերժ Սարգսյանին, որոնց, բնականաբար, պատասխան չեղավ։ Եվ ինչու պատասխաներ, եթե մեր հայրենի Երևանը իր թափառական հոգու համար, իհարկե Բեյրութ չէ, ուր հնարավոր է հրապարակային քաղաքականություն։ Այն ընդամենը «բեսպրեդելի զոնա» է, ուր քաղաքի խիտ բնակեցված թաղամասը, իր փողոցներով ու տներով կարող է վերածվել իսկական մարտադաշտի, ուր անպատիժ կարելի է աչք հանել, տները վառել, պայթեցնել [...]: Վստահ եմ, որ վերջին իրադարձությունների արդյունքում Սերժ Սարգսյանին արդեն իսկ ուղղված հարցերին ներկայումս ավելացել են այլ հարցեր և որոշ հարցեր ձևափոխվել են: Իսկ Ժիրայր Սեֆիլյանը ինքն ավելի լավ կպատասխանի Ձեր վերջին հարցին»։

Սարգսյան - Սեֆիլյան հնարավոր հանդիպման մասին այսօր «Ժողովուրդ» օրաթերը հարց էր ուղղել նախագահի խոսնակին, ով պատասխանել է. - «Իրավիճակները հիմնականում պարզաբանված են, նախագահի երկու ելույթները կան այդ թեմաներով, դրան ավելացնելու բան չունենք»։

XS
SM
MD
LG