Մատչելիության հղումներ

logo-print

Քննիչի որոշմամբ սահմանված արգելքը ոչ միայն հարազատների, այլև քրեակատարողական հիմնարկում վերահսկողություն իրականացող հասարակական դիտորդական խմբի վրա է տարածվում։

Դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի խոսքով, իր գործունեության ամբողջ ընթացքում չի եղել նման դեպք, երբ իրեն կալանավորի մոտ չթողնեն․ - «Խնդիրը նա է, որ այդ որոշումը չպետք է տարածվի դիտորդական խմբի վրա, քանի որ խմբի գործունեությունը կարգավորվում է օրենքով, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի համաձայն, քրեակատարողական հիմնարկ անարգել մուտք ունեն հասարակական դիտորդական խմբի անդամները: Վճռաբեկ դատարանի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ, պատգամավորներ, դատախաղ, ի թիվս այդ անձանց, նաև հասարակական դիտորդները: Քննիչի որոշումը չի կարող տարածվի խմբի վրա, այդ որոշումը չի կարող հակասելի օրենքին»:

Դիտորդական խմբի անդամի փոխանցմամբ, խնդիրը ծագել է դեռ անցած նոյեմբերին Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում ձերբակալված պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին տեսակցելու ժամանակ, երբ քննիչը պարզապես թույլ չի տվել նրա մոտ մտնել։ Նույնը կրկնվել է «Սասնա ծռերի» անդամների դեպքում։

Հասարակական դիտորդական խումբը հարցը պարզաբանելու համար դիմալ է Արդարադատության նախարարություն․ - «Խումբը տասը տարուց ավել գործում է, երբևիցե նման խնդիր չի առաջացել: Դա առաջին դեպքն էր, հիմա արդեն համատարած այս բոլոր դեպքերի հետ կապված։ Մենք իհարկե հաշվետվությամբ դիմել ենք նախարարություն՝ իրենց հետ քննարկելու, հասկանալու իրավիճակը։ Գիտեք ինչ, եթե նայենք այս գործերը, էլի մենք պետք է տանենք քաղաքական ենթատեքստի»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ևս բախվել է այս խնդրին։ Պատմում է, որ Վաղարշապատի ոստիկանությունում իրեն ժամեր շարունակ թույլ չեն տվել «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին․ - «Արայիկ Խանդոյանի մոտ էի գնացել, երբ որ ինքը գտնվում էր ՁՊՎ-ում, (ձերբակալվածների պահման վայր) մինչև կալանավորելը, ձերբակալելուց հետո: Վաղարշապատի ոստիկանությունում էր ինքը գտնվում, թույլ չտվեցին շենք մտնեմ, փողոցում կանգնած է, սպասում էի թույլ տան, ու հորդառատ անձրև էր գալիս: 20 րոպե ինձ թույլ չէին տալիս նույնիսկ շենքին մոտենամ: Հետո թույլ տվեցին, դրանից հետո ավելի քան երկու ժամ սպասացրեցին, ու էդպես էլ չկարողացա մտնեմ Արայիկ Խանդոյանի մոտ:Ստիպված թողել եմ գնացել։ Ես էդ հարցը, իհարկե, բարձրաձայնել եմ, էնտեղ ծառայողական քննություն ա ընթանում, Փաստաբանների պալատն ա զբաղվում: Բայց ոչ միայն խանգարեցին իմ մասնագիտական պարտականությունները կատարել, այլ նաև էսպես ասեմ՝ անմարդկային վերաբերմունք ցուցաբերեցին»:

«Սասնա ծռերի» մեկ այլ անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանի փաստաբան Հայարփի Սարգսյանի խոսքով՝ իրեն ևս մեկ անգամ իրավապահները հրաժարվել են պաշտպանյալի մոտ թողնել։ Այժմ սակայն անարգել մուտք է գործում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Կիրակի օրը իրավապահներին հանձնվելուց հետո «Սասնա ծռերի» անդամներին հանդիպելու հնարավորությունից զրկված են նաև հարազատները։ Աշոտ Պետրոսյանի որդին՝ Գարուշը «Ազատությանը» փոխանցեց, որ թեև բժիշկները համաձայնել են, սակայն այդպես չի կարողացել մտնել․ - «Բժշկի թույլտվություն կար, որպեսզի տեսակցություն լինի, բայց ՀՆՎ-ի ծառայակից տղաները թույլ չտվեցին ներս մտնել, պատճառաբանելով, որ հրաման են ստացել թույլ չտալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG