Մատչելիության հղումներ

logo-print

«Թեղուտ»-ը կրճատումներ է անում, մարդիկ հուսահատ են


Տեսարան Թեղուտի՝ բաց եղանակով շահագործվող հանքավայրից, արխիվ

Տեսարան Թեղուտի՝ բաց եղանակով շահագործվող հանքավայրից, արխիվ

Տեղացիները հիշեցնում են հանքարդյունաբերող ընկերության՝ «լավ կյանքի» մասին բազմաթիվ խոստումները, որոնք պետք է իրականություն դառնային հանքավայրի շահագործման արդյունքում:

Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները դժգոհում են «Թեղուտ» ՓԲԸ-ի վարած քաղաքականությունից․ պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող այս ընկերությունն աշխատողների շրջանում պարբերաբար կրճատումներ է անում: Կրճատման հետևանքով Շնողում, մասնավորապես, տուժել է Բեկթաշյանների ընտանիքը:

Լևոն Բեկթաշյանը 10 տարի շարունակ ընկերությունում աշխատելուց հետո ամիսներ առաջ զրկվել է աշխատանքից՝ կորցնելով եկամտի միակ աղբյուրը: Ընտանիքի մայրը՝ Գեղեցիկ Վերանյանն ասում է՝ ամուսնու աշխատավարձով հազիվ էին կարողանում Երևանի պետական բժշկական համալսարանում սովորող երկու ուսանող երեխաներին պահել: Ամուսիններն այժմ հուսահատության մեջ են, եկամտի միակ աղբյուրից զրկվելուց հետո ընտանիքը լուրջ խնդիրների առջև է կանգնել: «Մենք վարկային շատ մեծ խնդիրներ ունենք, տունը բռնագրավման տակ ենք դրել»,- պատմում է տիկին Գեղեցիկը:

55-ամյա կինն ասում է՝ իր տարիքում դժվար է աշխատանք գտնել: Այսպես շարունակվելու դեպքում էլ ստիպված կլինեն լքել Հայաստանը՝ «էս բժիշկները, որ բանվորի ընտանիքից են դուրս եկել, եթե մեր պետությանը պետք չեն, ապա կարող է այլ պետությունների համար օգտակար գտնվեն»:

Թեղուտի ու Շնողի բնակիչները հիշեցնում են՝ «Վալեքս» խմբին պատկանող հանքարդյունաբերող ընկերությունը տարիներ շարունակ լավ կյանքի մասին բազմաթիվ խոստումներ է տվել իրենց՝ վստահեցնելով, որ հանքավայրի շահագործումն աշխատատեղերով կապահովի գյուղացիներին: Շնողցի Գայանե Բաղդասարյանը, ում ամուսինը ևս աշխատանք է կորցրել, ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է արտահայտել այդ կապակցությամբ: «Հիմա ի՞նչ անենք, գնանք արտագաղթե՞նք ես ու ամուսինս, որ իմ որդին ու՞մ համար ծառայի»,- հարցեր է հնչեցնում Գայանե Բաղդասարյանը:

Հանքարդյունաբերող ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության պետ Ֆելիքս Նազարյանը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ պարզաբանում էր՝ շինարարական աշխատանքներն ավարտվում են, իսկ ընկերությանը մասնագետներ են պետք: «Խոշորացույցով ենք մասնագետ ման գալիս, գյուղում հայտարարությունը տվել ենք, ուղիղ երեք շաբաթ ա՝ գյուղից մի հատ մարդ չկա, որ դիմում գրի, որ ուզում եմ աշխատեմ»,- ասում էր Նազարյանը:

Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը արդարացի է համարում համագյուղացիների դժգոհությունը՝ «Վերջին հաշվով, գյուղի 347 ընտանիքից հող են վերցրել»: Մինչդեռ, առաջիկայում կրճատումները շարունակվելու են: Ընկերության մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե այս պահին ֆինանսական վերակազմավորման փուլում են գտնվում: «Եթե այդ վերաձևակերպման գործընթացը չիրականանա, ընկերության կենսունակությունը հարցականի տակ կլինի»,- ասում է ընկերության ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG