Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բրազիլիա մեկնած հայ օլիմպիականներին


Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում մասնավորապես ասված է. - «Սիրելի՛ օլիմպիականներ, ձեզ հիանալի հնարավորություն է տրված՝ պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ օլիմպիական խաղերում»:

Նախագահը նշել է, որ օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ և համարձակ մարդկանց: «Այդ հատկանիշներով դուք արդեն նվաճել եք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը», - ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «Հավատում ենք Հայաստանի 33 մարզիկներով համալրված պատվիրակությանը, որը թվով ամենամեծն է մեր երկրի անկախացումից ի վեր: Դուք կարող եք և պարտավոր եք զարգացնել արդեն ձեռք բերածը և տեղ զբաղեցնել օլիմպիական պատվանդանին: Դուք բազմիցս հաստատել եք ձեր բարձր կարգը՝ ունեք համապատասխան վարպետություն, ընդհանուր լավ պատրաստվածություն, անհրաժեշտ փորձ և կամային բարձր որակներ: Հուսանք, որ բրազիլական ստուգատեսում կարդարացնեք սպասելիքները և ձեր հաղթանակների շնորհիվ կբարձրացվի հայոց եռագույնը: Մաղթում եմ հաջողություն և հաղթական վերադարձ հայրենիք»:

XS
SM
MD
LG