Մատչելիության հղումներ

Պուտինի մերձավոր ընկեր Սեչինի կինը «առնվազն 150-միլիոնանոց զբոսանավ ունի»


«Սուրբ արքայադուստր Օլգա» զբոսանավը
«Սուրբ արքայադուստր Օլգա» զբոսանավը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր ընկեր, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի տիկինը՝ Օլգան, առնվազն 150 միլիոն դոլարանոց զբոսանավ ունի, որով հաճախ է լինում Սարդինիայի ու Կորսիկայի ափերում՝ պնդում է ռուսական «Նովայա գազետա»-ի և Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի վերջին ուսումնասիրությունը:

Ի դեպ, Սեչինի ընկերությունը՝ «Ռոսնեֆտ»-ը, արդեն մոտ երկու տարի է՝ միանձյա տնօրինում է նաև բենզինի շուկան Հայաստանում:

Ըստ հետաքննող լրագրողների, Օլգա Սեչինայի շքեղ զբոսանավը՝ «Սուրբ արքայադուստր Օլգա»-ն, առաջին անգամ ծով է իջեցվել 2013-ին՝ սեփական վերելակով, SPA-կենտրոնով ու լողավազանով, որն անհրաժեշտության դեպքում դառնում է հարթակ՝ ուղղաթիռի համար:

Ճիշտ է՝ սեփականատիրոջ անունը մինչ այժմ պաշտոնապես չի հաղորդվում, սակայն հետաքննող լրագրողները երկու Oլգաների կապն ապացուցող մի շարք փաստեր են գտել: Սեչինի երիտասարդ կինը, մասնավորապես, սոցցանցերում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել՝ մեծ մասում երևալով հենց այդ շքեղ զբոսանավի ֆոնին: Բացի այդ, լրագրողները հետևել են զբոսանավի անցած ճանապարհն ու փաստել, որ անցած տարիներին այն բազմիցս է հանգրվանել ափերում, որտեղից հետո լուսանկար է հրապարակել Սեչինի շիկահեր տիկինը: Վերջինս, ի դեպ, ըստ «Ռոսնեֆտ»-ի վստահելի աղբյուրների, ամուսնու փոխվարչապետության տարիներին եղել է նրա ենթականերից մեկը և աշխատել է Ռուսաստանի կառավարությունում:

Թե ինչ արժե զբոսանավը՝ փորձագետները դժվարանում են հստակ ասել, շուկայում դրա նմանները վաճառվում են 150-190 միլիոն դոլարի սահմաններում: Այն պահելու համար, ըստ մասնագետների, տարեկան առնվազն 19 միլիոն դոլար է ծախսվում: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անցյալ տարվա որոշման, Սեչինը տարեկան ստանում է 12 միլիոն դոլար աշխատավարձ:

Հրապարակված այս փաստերին «Ռոսնեֆտ»-ից չեն արձագանքել՝ պնդելով, թե «դրանք վերաբերում են աշխատակիցների անձնական կյանքին ու սեփականությանը»: Ընկերությունը, միաժամանակ, չի մոռացել զգուշացնել, որ չճշտված և անհիմն տեղեկատվություն տարածելու համար լրագրողները կարող են կանգնել դատարանի առաջ:

Առայժմ լուռ է նաև 55-ամյա Իգոր Սեչինը, ով, ըստ լրատվամիջոցների, նախագահ Պուտինի մերձավոր ընկերն է և աջակիցը 1990-ականներից՝ սանկտպետերբուրգյան տարիներից: Սեչինը գրեթե ամենուր հետևել է Պուտինին, հյուսիսային մայրաքաղաքից նրանք միասին են Մոսկվա տեղափոխվել, Պուտինի վարչապետության տարիներին նրա տեղակալն էր, իսկ 2012-ից, երբ Պուտինը երրորդ անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը, Սեչինը դարձավ Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG