Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների մեծ մասը Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը վաղաժամ է համարում


Ըստ «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումների, ռուսաստանցիների մեծ մասը գտնում է, որ դեռ վաղաժամ է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ։

Հարցվածների գրեթե կեսը՝ 47 տոկոսը, պատասխանել է, որ վաղ է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ 23 տոկոսը կամ հինգից մեկն այն կարծիքին է, որ Ռուսաստանը չպետք է վերականգնի երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այսպիսով, ստացվում է, որ 70 տոկոսը կա՛մ դեմ է հարաբերությունների վերականգնմանը, կա՛մ այդ քայլին գնալը դեռ վաղաժամ է համարում։

Հարցվածների 19 տոկոսը գտնում է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ դիվանագիտական շփումները կարգավորելու համար։

Ինչ վերաբերում է վերջին իրադարձությանը՝ Թուրքիայում հեղաշրջման տապալված փորձին, ապա հարցվածների 56 տոկոսը լսել է հեղաշրջման փորձի մասին, 31 տոկոսը ուշադիր հետևել է իրադարձություններին, իսկ 13 տոկոսն ասել է, որ առաջին անգամ այդ մասին լսել է սոցիոլոգիական այս հարցման ժամանակ։

Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքը ռուսաստանցիների մոտ գերակշռում է, նշում են սոցիոլոգները։ Ըստ հարցումների, 42 տոկոսը Թուրքիային հիմնականում վատ է վերաբերվում, 22 տոկոսը՝ շատ վատ։ Վատ և շատ վատ վերաբերվողները միասին կազմում են 64 տոկոս, իսկ լավ և շատ լավ վերաբերվողները միասին՝ 25 տոկոս. լավ են վերաբերվում 24 տոկոսը, շատ լավ՝ 1 տոկոսը։

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան 2015 թվականի նոյեմբերից, երբ թուրքական օդուժը Սիրիայի սահմանին ռուսական ռմբակոծիչ խոցեց։ Հիմա հարաբերությունները սկսել են կարգավորվել, և վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահին հղած նամակում այդ միջադեպի համար ներողություն խնդրեց։ Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG