Մատչելիության հղումներ

Փորձագետ. Ամսի 8-ից լրջագույն պրոցեսներ են սկսվում, որոնք կարող են քաղաքական խճանկարը փոխել տարածաշրջանում


Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի համոզմամբ, օգոստոսի 10-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Սարգսյան հանդիպման օրակարգում դրված բանակցային թեման պետք է փոխվի հատկապես վերջին շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակից հետո։

«Հանրության կողմից վաղուց է դրված խնդիրը, որ բանակցային թեման և սկզբունքները պետք է փոխվեն։ Սերժ Սարգսյանը, փաստորեն, հայտարարեց մի բան, գուցե նրան ոչ ոք չի հավատում, վաղը մյուս բանը կարող է ասել, սակայն նա հայտարարեց, որ Ղարաբաղն Ադրբեջանում չի լինի երբեք։ Սա լուրջ խնդիր է, որովհետև, եթե դա այդպես է, եթե դա դառնում է քաղաքականություն, դա նշանակում է, որ Ղարաբաղի ստատուսի խնդիրը Հայաստանի համար փակված է։ Երկու տասնամյակ դա եղել է բանակցային խնդիր, բայց հիմա Հայաստանը միակողմանի ասում է, որ դա բանակցելու հարց չէ, միջից հանվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքը, թե «կվերցնեն Ղարաբաղը զենքի ուժով»։

Փորձագետի խոսքով, այստեղ կարևոր է տեսնել, թե արդյո՞ք բանակցային պրոցեսից ստատուսի խնդիրն իսկապես հանվելու է օրակարգից, թե՞՝ ոչ։ «Դրվածքն այսպես է՝ Ադրբեջանը պետք է համաձայնի Ղարաբաղին տալ միջանկյալ ստատուս, Ադրբեջանի համաձայնության խնդիրն է դրված, և Ադրբեջանը պետք է համաձայնի, որ այստեղ պետք է լինի ռեֆերենդում, մնացած հարցերն արդեն կապված են դրա հետ։ Ադրբեջանը չի համաձայնվում դրան, Հայաստանը ընդհանրապես փակել է հիմա այդ հարցը, ստացվում է, որ Ադրբեջանի համաձայնությունը կարող է լինել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելը, որը խոսելուց տեսնում ես, որ սա այսպես է, բայց իրականության մեջ ի՞նչ է լինելու, մենք չգիտենք, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ և պատերազմից հետո նույնպես կարևորագույն հայտարարություններ արվեցին, որոնք պետք է փոխեին բանակցային պրոցեսը, բայց հետո մի ամսվա ընթացքում մոռացվեց այդ ամենը, կորավ, կարծես թե ոչ մի բան չեն ասել, չի եղել», - ասաց Մանվել Սարգսյանը՝ նշելով, որ հիմա, ներքին ճգնաժամային վիճակում, նորից Սերժ Սարգսյանն «ինչ-որ մի բան է ասել, չգիտենք՝ Պուտինի հետ հանդիպումից հետո մի բան կմնա՞՝ փշրանքը դրանից, թե՞ չի մնա»։

«Բայց այն, որ հիմա լրջագույն պրոցեսներ են ամսի 8-ից սկսվում, դա վաղուց սպասելի էր՝ Իրան-Ռուսաստան-Ադրբեջան հանդիպումը, որից հետո, իզուր չէ, որ ամսի 9-ին Թուրքիայի նախագահն է Մոսկվա գնալու, հետո՝ Հայաստանի: Սա արդեն իսկ ինչ-որ նորագույն պայմանավորվածությունների կարող է բերել, որոնք կարող են քաղաքական խճանկարը փոխել այս տարածաշրջանում», - ասաց փորձագետը։

Օգոստոսի 8-ին, հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնելու է Բաքու, որտեղ կայանալու է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, ինչպես նաև Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Երեկ հայտնի դարձավ, որ օգոստոսի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG