Մատչելիության հղումներ

Ոստիկանության բռնությունների վերաբերյալ տվյալների հիման վրա քրեական գործեր են հարուցվել


Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ քրեական գործերի հարուցման համար հիմք են հանդիսացել ստացված տվյալները 2016թ. հուլիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Մ. Խորենացի փողոցում, հարակից տարածքներում, Սարի թաղում և այլ վայրերում ոստիկանության ծառայողների գործողությունների մասին:

«Միաժամանակ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կոչ է անում հիշյալ դեպքերի ընթացքում տուժած քաղաքացիներին, փաստաբաններին, լրագրողներին (լրատվամիջոցներին) դիմել վարույթն իրականացնող մարմնին, առկայության դեպքում տրամադրել բռնության գործադրման, տեխնիկայի վնասման, մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերը հիմնավորող տեսաձայնագրառումները», - ասված է ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG