Մատչելիության հղումներ

Ինքնահրկիզմամբ Քաջիկ Գրիգորյանը «իր բողոքն էր արտահայտում դատական մարմինների դեմ»


Բաղրամյան պողոտայում հուլիսի 30-ի հանրահավաքի ժամանակ իրեն հրկիզած և երեկ մահացած Քաջիկ Գրիգորյանի քույրը՝ Ամալյա Գրիգորյանը պնդում է, որ եղբայրը ծայրահեղ քայլի է դիմել դատական մարմինների դեմ իր բողոքը արտահայտելու համար։

Իրացման գոտում գտնվող տան համար փոխհատուցման իրավունք ժառանգներից միայն եղբոր դուստրն է ստացել։

«Թիկունք ուներ ու վճռաբեկ դատարանն էլ որոշումն ուժի մեջ թողեց», - ասում է ինքնահրկիզված քաղաքացու քույրը։ - «Մենք չորս ժառանգ ենք, ապրել ենք Հանրապետության 32-ում, մեր տները «Գլենդեյլը» իրացրել է: Իմ պայմանագիրը առանձին ա եղել: Հայրական տանս մեջ ապրել են երկու եղբայրներս՝ երկուսն էլ հաշմանդամ, ու խնամել են իմ հիվանդ մորը: Քաջիկը ժամանակին ճիշտ ա նստած ա եղել, բայց ինքը պատվով, հարգանքով տղա ա: Մինչև հիմա էլ ինքը հարգանքով ա, անգամ մի հատ կատու չի տրորել: Հենց էդ մահացողը էդ տան մեջ ա ծնվել: Ինքը ուզեցավ ապացուցեց, ասեց՝ քուր ջան, պետք ա ես ապացուցեմ, որ օրենք չկա, դրա համար ես արեցի»:

Հանրապետության փողոցում Գրիգորյանների երկու պատն են կանգուն մնացել։ Բնակիչների խոսքով, իրացման գոտում գտնվող տների մեծ մասը քանդվել է, մնացածի ճակատագիրն անհայտ է։ «Գլենդեյլ հիլզ» ընկերությունից փոխհատուցում ստանալու համար բնակիչներից շատերը մինչև հիմա էլ պայքարում են։

Նրանցից մեկն ասաց․ - «Իրանց տունը սա էր, ինքն էլ ըտենց առանց տուն մնաց․ ով հաղթեց, նա վերցրեց: Երևի արդեն կյանքից զզված ինքը իրան վերջը տվեց: Էս հարցը ո՞ւմ ա հուզում, իրանք տեսնո՞ւմ են ժողովրդի վիճակը»:

Ամալյա Գրիգորյանի խոսքով, հաշմանդամություն ունեցող եղբայրների հետ ստիպված է եղել Բուզանդ փողոցի կիսախալխուլ տներից մեկում վարձով բնակվել։ Դիմել է պատկան բոլոր մարմիններին, նաև Մարդու իրավունքների պաշտպանին է դիմում ներկայացրել, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվել։

«Գրել ա [ՄԻՊ գրասենյակը], որ դատավորները սխալ չեն արել: Որ դու մարդու իրավունք ես, բա իմ իրավունքը ո՞ւր ա․․․ Դրա համար Քաջիկը իրան այրեց, ու սրա համար բոլորը պետք ա պատասխան տան», - վրդովված ասաց նա:

Քաջիկ Գրիգորյանի քույրն ասաց, որ երիտասարդ ժամանակ խուլիգանության հոդվածով եղբայրը մի քանի անգամ բանտում է հայտնվել, սակայն վերջին տարիներին խնդիրներ չեն եղել: Ամալյային զայրացրել են բժշկի հայտարարությունն ու լրատվամիջոցներից մի քանիսի հրապարակումները եղբոր հիվանդությունների մասին․ - «Թեկուզ հիվանդ ըլի, դու ի՞նչ իրավունք ունես հայտարարես»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, ինքնահրկիզման նման դեպքերը սոցիալական անարդարության հետևանք են․ - «Օրենքի գերակայության չպահպանման [պայմաններում] մենք տեսնում ենք նմանատիպ դրսևորումներ, որոնք, հրանավոր է, որ այլևս եզակի չլինեն: Ինքնին սա սոցիալական բավական լուրջ բևեռացվածության և անարդարության դրսևորում է․․․ Որևէ տեղ չկան անկախ դատարաններ, որտեղ կարող է նա պաշտպանել իր իրավունքը, չկան պետական հաստատություններ, որոնք հոգան մարդկանց սոցիալական խնդիրները: Եվ դա բերում է նմանատիպ իրավիճակի․ մարդը սոցիումում իրեն մենակ զգալով և անօգնական զգալով, դիմում է այսպիսի քայլի: Մինույն ժամանակ ինձ համար շատ տարօրինակ է, որ բժիշկը կարող է խախտել մարդու բժշկական գաղտնիքը և հայտարարություններ անել, թե ինչպիսի խնդիր է ունեցել մինչև ինքնահրկիզումը, և որոշակի սոցիալական պատկեր ստեղծել հասարակության մեջ և անգամ նեգատիվիզմ դրսևորել մարդու նկատմամբ»:

XS
SM
MD
LG