Մատչելիության հղումներ

logo-print

«Վրեժխնդրությունն ուղղակի թևածում է և այն գալիս է ամենավերևից»


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» տաղավարում, 2-ը Օգոստոսի, 2016 թ․

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» տաղավարում, 2-ը Օգոստոսի, 2016 թ․

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, Սերժ Սարգսյանի՝ լրագրողներին ուղղված «ներողությունները բացարձակ տեղին չեն» և դրանք «բացառապես ուղղված են դրսին»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի բնութագրմամբ, ի հակառակ Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, թե զինված խմբի անդամների հանձնվելուց հետո վրեժխնդրություն թույլ չի տրվելու, այն Հայաստանում «ուղղակի թևածում է» և դա «սկսվում է ամենավերևից»:

«Դա վրեժխնդրություն չի՞, որ Սարի թաղում մարդկանց այդ օրն են գցում, ծուղակ են սարքում՝ ներքևից ոստիկանությունը, վերևից էլ էդ մահակավոր գործիքներին են բերել ու մարդկանց սարսափի մեջ են պահել, էդ խեղճ ու կրակ մարդկանց: Ի՞նչ էին արել էդ տղաները: Քաղբանտարկյալների թիվն են ավելացնում, դա վրեժխնդրություն չի՞: Երբ Դավիթ Սանասարյանը ահավոր, անգիտակից վիճակում է, և հիվանդանոցից նրան առևանգում են, դա վրեժխնդրություն չի՞: Եթե հիմա նրանց դեմ գործեր են սարքում, դա վրեժխնդրություն չի՞: Երբ Անդրիաս Ղուկասյանի ծնկները ոստիկաններն անընդհատ փայտով ջարդում են և հետո բուժօգնություն թույլ չեն տալիս, դա միայն վրեժխնդրության շնորհիվ է: Եվ դա ցուցում է հենց ամենավերևից»,- «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի խոսքով, Հայաստանում ստեղծվել էր «բռնության ներդաշնակ մթնոլորտ», երբ զուգահեռաբար բռնություններ էին կիրառվում «Սասնա ծռեր»-ի, լրագրողների, հանրության այլ ներկայացուցիչների նկատմամբ: Եվ այս իրավիճակում, «լրագրողներին ուղղված ներողությունները», Ալեքսանյանի խոսքով, բացարձակ տեղին չեն:

«Սերժ Սարգսյանը պետք է այցելեր այդ լրագրողներին [հիվանդանոցում], այնտեղ ներողություն խնդրեր և ասեր, որ այլևս չի կրկնվի: Ո՞վ է հավատում այդ խոստումներին, եթե տարին երկու անգամ ջարդում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- հարց է հնչեցնում իրավապաշտպանն ու հավելում՝ այս պարագայում հստակ պատասխանատվության խնդիր պետք է դրվի, ինչը չի արվում: «Իսկ այդ ներողություններն ուղղված են դրսին»:

XS
SM
MD
LG