Մատչելիության հղումներ

Ոսկեհասկում հայտնաբերված ռուս զինծառայողը «ցանկացել է Թուրքիա գնալ»


Սահմանապահների դիտակետ հայ - թուրքական սահմանին, արխիվ

Սահմանապահների դիտակետ հայ - թուրքական սահմանին, արխիվ

«Իմ կարծիքով էդ չաստում օր, ներողություն բառիս համար, բառդակությունը կա, ըդիկ փաստ է»,- «Ազատության» հետ զրույցում ասել է տեղացիներից մեկը:

Այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչները համազգեստով ռուս զինվորականի են նկատել գյուղում: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Ոսկեհասկի գյուղապետը, զինվորականն անզեն է եղել, գյուղացիները նրան նստեցրել են մեքենա և տեղափոխել Գյումրի՝ հանձնելով ռուսական սահմանապահ ջոկատին: Զինվորականը դիմադրություն ցույց չի տվել:

Ռուս զինծառայողի փաստաթղթերն ուսումնասիրած ոսկեհասկցիները փոխանցեցին, որ նա Սերգեյ Շիլովն է, ծնված 1996 թվականին, Կրասնոդարի երկրամասից: Գյուղացիները զինծառայողին հայտնաբերել են, երբ նա քայլելիս է եղել դեպի հայ - թուրքական սահմանը՝ սահմանից մոտ 400 մետր հեռավորության վրա:

Զինվորականին հայտնաբերած ոսկեհասկցիներն ասում են, որ երբ ռուս զինծառայողին տեսել են, մտածել են՝ գուցե զինված է, սակայն հետո պարզել են, որ ոչ: «Մեզ կասկածելի թվաց էդ երիտասարդը, դե մեզ մոտ սահմանամերձ է, էն երեխա վախտերս էլ ուշադիր ենք եղել, զգոնությունը միշտ եղել է․․․ որ ավտոմեքենայով լիներ, կարող է ուշադրություն չդարձնեինք, բայց որ զինվորական հագուստով էր, ուսապարկով էր, արդեն կասկածելի էր»,- պատմեց գյուղացիներից Կամո Մնացյանը:

Տեղացիները պարզել են ռուս զինծառայողի ինքնությունը, վերջինս ասել է, թե «Թուրքիա է ուզում գնալ», դրա համար է հայտնվել հենց Ոսկեհասկում: Զինվորականի փաստաթղթերն են ստուգել, նաև ուսապարկը զննել: Ռուս զինծառայողը ոսկեհասկցիներին նաև ասել է, որ 3 օր է՝ զորամասում չի եղել:

Հայաստանի Ոստիկանության լրատվության ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ռուս զինծառայողի հետախուզման համար ռուսական կողմը չի դիմել հայ իրավապահներին: Ի դեպ, երբ ոսկեհասկցիները Սերգեյ Շիլովին փոխանցել են ռուսական սահմանապահ ջոկատին, մի կարևոր հանգամանք է պարզվել՝ «Պատկերացրեք, երևի իրեն չէին փնտրում․․․»:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ էլ մի քանի օր անհետ կորած համարվելուց հետո Երևանում՝ Հանրապետության հրապարակում հայտնաբերվել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի մեկ այլ զինծառայող: Իրար հաջորդող այդ միջադեպերը շարքային քաղաքացու մոտ կասկածներ են հարուցել ռազմաբազայում տիրող իրավիճակի առնչությամբ՝ «Իմ կարծիքով էդ չաստում օր, ներողություն բառիս համար, բառդակությունը կա, ըդիկ փաստ է»: Ի դեպ, այսօր էլ ռուսական 102 ռազմաբազայի մուտքն ու ելքը շարունակում էին հսկել զինված զինծառայողները:

XS
SM
MD
LG