Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դատարանը այսօր քննում է «Ազատության» հայցը


Ադրբեջան - Խուզարկություն «Ազատության» Բաքվի գրասենյակում, 26-ը դեկտեմբերի, 2016թ․

Ադրբեջան - Խուզարկություն «Ազատության» Բաքվի գրասենյակում, 26-ը դեկտեմբերի, 2016թ․

«Ազատություն» ռադիոկայանն այսօր Ադրբեջանի տնտեսական դատարանում կվիճարկի լրատվամիջոցի դեմ իշխանությունների ներկայացրած մեղադրանքները՝ հարկերից խուսափելու մասին, որոնց հիմքով էլ Ալիևի վարչակազմը որոշեց փակել ռադիոկայանի Բաքվի գրասենյակը մոտ երկու տարի առաջ:

«Դատարանը պետք է վերահաստատի, որ մեր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են, դատախազն էլ պետք է անհապաղ վերացնի ռադիոկայանի Բաքվի գրասենյակի և մի շարք լրագրողների անձնական հաշիվները սառեցնելու որոշումը, ընկերությանը վերադարձնի առգրավված կնիքն ու փաստաղթերը՝ հնարավորություն տալով իրականացնել մեր լրագրողական առաքելությունը և անկախ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի ժողովրդին», - դատական նիստից առաջ հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը:

Այս տարի ավելի վաղ Ադրբեջանի Գերագույն դատարանը մերժել էր «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի դեմ ներկայացված երկու մեղադրանքները՝ ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովայի հայցի քննության ժամանակ, ինչի արդյունքում հետաքննող լրագրողը մայիսին ազատ էր արձակվել: Հարկերից խուսափելու և լրագրողներին պատշաճ կարգով չհավատարմագրելու մեղադրանքները, սակայն, մինչ օրս մնում են ուժի մեջ՝ կաթվածահար անելով ռադիոկայանի աշխատանքն այդ երկրում: «Ազատություն»-ը ստիպված էր փակել Բաքվի գրասենյակն այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները 2014 թվականի դեկտեմբերին խուզարկություններ իրականացրին՝ առգրավելով ընկերության գույքը, սառեցրին ոչ միայն «Ազատության», այլև աշխատակիցների անձնական հաշիվները, ոմանց դեմ էլ կիրառվեցին սահմանափակումներ, այդ թվում՝ երկրից չբացակայելու վերաբերյալ: Ընդ որում, լրատվամիջոցի դեմ այդ հարձակումները սկսվեցին նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո, որտեղ նա «Ազատության» լրագրողներին բնորոշել էր որպես Ադրբեջանի ազգային անվտանգությանը սպառնացող լրտեսներ:

Միջազգային իրավապաշտպան կառույցները բազմիցս են քննադատել Ալիևի վարչակազմին՝ լրագրողների դեմ շարունակական ճնշումների համար: Չնայած այդ քննադատություններին՝ Ալիևի վարչակազմը շարունակում է հետապնդել ընդդիմախոսներին, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն, որն անցած տարի Ադրբեջանը դասել էր աշխարհի՝ ամենից շատ գրաքննվող երկրների հնգյակում:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն էլ անցած ամիս հայտարարել էր, որ հեղինակավոր մի քանի լրագրողների ազատ արձակելով, Ալիևի վարչակազմը միաժամանակ շարունակում է մյուսներին կամայականորեն ազատազրկել՝ ամենևին չփոխելով բռնապետական իր մեթոդների դաժանությունը:

XS
SM
MD
LG