Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան․ Տնտեսական զարգացումները կրում են դրական բնույթ


Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով, այսօր Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ փաստելով, որ Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ:

«Այսպես, 2016 թվականի առաջին 6 ամիսների տվյալների համաձայն, ապրանքային արտահանումը գրանցել է 16.7 տոկոս աճ այն ժամանակ, երբ ներմուծումը սկսել է վերականգնվել՝ գրանցելով միայն 3.7 տոկոս նվազում», - Կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նշել է Աբրահամյանը՝ շարունակելով․ - «2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը»:

Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունք է հանդիսացել արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը, որը 2016 թվականի առաջին 6 ամիսների արդյունքներով կազմել է 8.9 տոկոս, ընդ որում՝ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 105.1 տոկոսով, իսկ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ճյուղի արտադրանքի արտադրության ծավալները՝ 118.8 տոկոսով:

Այս ցուցանիշները, վարչապետի գնահատմամբ, նշանակում են, որ՝ «արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ, այն է՝ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG