Մատչելիության հղումներ

logo-print

Վերլուծաբանները թերահավատ են Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունների կապակցությամբ


Վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանը իրական բարեփոխումների մտադրություն չունի, իսկ իշխող համակարգն այն աստիճան սպառված է, որ պարզապես ի վիճակի չէ գնալ բարեփոխումների:

Երկրում մոտ երկու շաբաթ տևած ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծումից հետո երեկ, ելույթ ունենալով պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների առջև, նախագահ Սարգսյանը, հիշեցնենք, ընդգծեց, թե «եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը», «ակնհայտ է, որ ներհայաստանյան հասարակական ու քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը»՝ նպատակ հռչակվելով ձևավորել ազգային համաձայնության իշխանություն:

«Երբ չի խոսվում նման երևույթներ և հասարակության արդեն ծայրահեղ դժգոհություններ առաջացնող համակարգային խնդիրների պատճառների մասին բուն լարված ծայրահեղ իրավիճակում, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ․ խնդիրը հանգուցալուծումն է, հետո կխոսվի: Բայց հանգուցալուծումից հետո էլ Սերժ Սարգսյանն իր առաջին ելույթում բացարձակապես չի խոսում այն համակարգային պատճառների մասին, որոնց պատասխանատուն իշխանությունն է: Որևէ շեշտադրում չկար իշխանության պատասխանատվության մասով ընդհանրապես», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:

Նրա խոսքով, իշխանությունները, անշուշտ, որոշակի քայլեր կձեռնարկեն, սակայն դրանք կկրեն իմիտացիոն բնույթ ու կունենան նախընտրական տրամաբանություն՝ առջևում խորհրդարանական ընտրություններն են․ - «Եվ այս բոլոր շեշտադրումները վկայում են, որ չկա էական փոփոխությունների մտադրություն, չկա էական փոփոխությունների պատրաստակամություն: Եվ դա նաև զարմանալի չէ, որովհետև Հայաստանի իշխող համակարգը սպառված է ամբողջությամբ և բացարձակապես ի վիճակի չէ գնալ Հայաստանում որևէ համակարգային շոշափելի փոփոխության, որտեղ առաջնահերթը հասարակության և պետության շահն է»:

Ըստ վերլուծաբանի, իրականում Սերժ Սարգսյանի ուղերձի հասցեատերը իշխող համակարգն է, որը նկատելիորեն թուլացել է ապրիլյան պատերազմից և «Սասնա ծռերի» գործողությունից հետո․ - «Համակարգը ի մի բերելու փորձ էր այս ելույթը: Սերժ Սարգսյանը փորձում էր ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին, որ համակարգը շարունակելու է աշխատել այնպես, ինչպես աշխատել է մինչև հիմա»:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը կասկած հայտնեց, որ անգամ իշխանական համակարգում են տեղյակ, թե ինչ նոր փոփոխությունների, ազգային համաձայնության իշխանության մասին է խոսքը:

«Ազգային համաձայնության կառավարություն կամ իշխանություն․․․ ի՞նչ ա դա նշանակում: Միայն ինքը կարող ա իմանա: Համաձայնությունս ո՞րն ա: Գոյություն ունեն ընտրություններ, ընտրությունների միջոցով ձևավորվում է պառլամենտ և կառավարություն: Եթե դա չէ, նշանակում է ինչ-որ նոմենկլատուրային ծրագիր է, չէ՞: Ասենք, առաջարկվում է էս կուսակցությանը, էն կուսակցությանը․․․», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, թե բարեփոխումներից կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ ընտրությունները չկեղծվեն․ - «Բարեփոխումը այն է, որ բիզնեսը անջատվի քաղաքականությունից: Հայաստանում եթե մի բան ենք ուզում մենք հասկանալ, այդ պետական համակարգը, որը փաստորեն խոշոր ձեռնարկատերերի կողմից կամ քրեական բիզնեսի ներկայացուցիչների կողմից զավթված է, պիտի ազատվեն էդ ինստիտուտները․․․ [Բայց] դա իհարկե տեղի չի ունենա: Ինչի՞ համար պիտի տեղի ունենա, Սերժ Սարգսյանը ցանկություն ունի հեռանա՞լ»:

XS
SM
MD
LG