Մատչելիության հղումներ

Լոռու Վահագնի գյուղի բնակչի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է


Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն. Քոչինյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակիչ Ա. Կախյանին:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ Քոչինյանի դին հայտնաբերվել է փետրվարի 22-ին՝ ժամը 2-ին, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից շուրջ 300 մետր հեռավորության վրա, գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը։

«Նախնական քննության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն.Քոչինյանի հետ 2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա. Կախյանը, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է Քոչինյանի գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է», - ասված է հաղորդագրությունում: - «Բացի այդ, պարզվել է, որ Ա. Կախյանը, գտնվելով հետախուզման մեջ, 2016 թվականի փետրվարին ապօրինի կերպով հատել է ՀՀ սահմանը։ Նա հայտնաբերվել է 2016 թվականի հունիսի 26-ին Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկվել»:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կախյանին մեղադրանք է առաջադրվել սպանության, ապօրինի զենք-զինամթերքի և պետական սահմանն ապօրինի հատելու հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերով: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել մասնակի։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հիշեցնենք, որ սպանությունից օրեր անց Վահագնիում հրկիզել էին Կախյանի տունը, ինչի կապակցությամբ ևս քրեական գործ կա հարուցված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG