Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների հարսանիքը՝ բանտում


Սեյմուր Հազի, արխիվ
Սեյմուր Հազի, արխիվ

Հարսանիք բանտում՝ առանց զուռնա-դհոլի, առանց մեղրամիսի․ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողներն այսօր պատրաստվում են իրենց կապն օրինականացնել բանտում։

Լրագրող Սեյմուր Հազին, ով, միջազգային իրավապաշտպան կառույցների պնդմամբ, ապօրինաբար է հայտնվել ճաղերի հետևում, ամուսնանում է գործընկերուհու՝ Նիգյար Յաղուբլուի հետ, ով «Մուսաֆաթ» կուսակցության փոխնախագահ, բանտից վերջերս ազատված Թոֆիկ Յաղուբլուի ավագ դուստրն է:

«Մուսաֆաթ»-ի փոխնախագահը ճաղերի հետևում էր հայտնվել անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, դատապարտվել հինգ տարվա ազատազրկման, ապա 2016-ի գարնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարած համաներմամբ ազատ արձակվել։

Միջազգային կառույցները ազատազրկված Սեյմուր Հազիին նույնպես քաղբանտարկյալ են ճանաչում․ նա Ալիևի վարչակազմի կոշտ քննադատներից է, բանտում է 2014 թվականի օգոստոսի 29-ից։

«Ազադլիգ» ընդդիմադիր թերթի սյունակագիրն այդ օրը սովորականի պես կանգառում ավտոբուսի էր սպասում, երբ անծանոթ անձը մոտեցել է իրեն և սկսել վիրավորել, ինչից հետո հարձակվել է և ծեծել լրագրողին։ Ինքնապաշտպանության նպատակով Հազին պլաստիկե շշով հարվածել է իր վրա հարձակվող տղամարդուն, վայրկյաններ անց հայտնվել է ոստիկանությունը և ձերբակալել նրան։

Լրագրողի պաշտպանական կողմին առայսօր չի հաջողվում դատարանից հիմնավոր փաստարկներ ստանալ լրագրողին հինգ տարի բանտում պահելու որոշման վերաբերյալ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, թիվ 17 բանտախցում սպասվող հարսանեկան արարողությանը մասնակցելու թույլտվություն են ստացել հարսնացուն և եղբայրը, ինչպես նաև ևս երկու հոգի փեսացուի հարազատներից։ Արարողության մյուս հյուրերը նրանց ամուսնությունը բանտի պատերից դուրս են տոնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG