Մատչելիության հղումներ

Թրամփը կոչ է անում Վաշինգտոնին ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս


Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հերթական կրեմլահաճո հայտարարությունները ուղեկցվում են քննադատությունների տարափով։

Աղմկահարույց հայտարարություններով հայտնի Թրամփը այս անգամ էլ կոչ է անում պաշտոնական Վաշինգտոնին ճանաչել բռնակցված Ղրիմը որպես Ռուսաստանի մաս և չեղարկել Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները: - «Այդ դեպքում Մոսկվան պետք է միանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին», - ասել է Դոնալդ Թրամփը։

ABC հեռուստաընկերության This Week հաղորդաշարի ընթացքում հանրապետական թեկնածուն ընդգծել է Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները հաշվի առնելու անհրաժեշտությունը։ - «Թերակղզու բնակիչները ցանկանում են լինել Ռուսաստանի կազմում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կային», - հայտարարել է Թրամփը՝ ըստ էության կրկնելով պաշտոնական Մոսկվայի պնդումները և քննադատության արժանանալով ոչ միայն ընդդիմախոսների, սեփական կուսակիցների, այլ նաև Ուկրաինայի իշխանությունների կողմից։

«Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Թրամփի անամոթ հայտարարությունը՝ Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու վերաբերյալ, վտանգավոր մարգինալի ախտորոշում է», - ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

Թրամփը, որին ընդդիմախոսները հաճախ անվանում են Կրեմլի դրածո, իր վերջին հարցազրույցում կրկին խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու մասին։

«Ունենալ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ՝ լավ է, այլ ոչ թե վատ, իսկ եթե Մոսկվան օգնի մեզ ձերբազատվել «Իսլամական պետությունից», դա կլինի շատ ավելի լավ», - բացատրել է հանրապետական թեկնածուն։

Այս հայտարարությունների ֆոնին ամերիկյան մամուլում շրջանառվում է «բրոմանս» տերմինը, որը ամերիկյան «բրո»՝ թարգմանաբար եղբայր և ռոմանս բառերի կապակցությունն է։ Ամերիկյան մամուլը բացատրում է՝ խոսքը տղամարդկային ամուր ընկերության մասին, որը միավորում է Պուտինին և Թրամփիին, առայժմ՝ պլատոնական, քանի որ նրանք երբեք չեն հանդիպել, համենայնդեպս այդպես է հավաստիացնում Թրամփը։

«Ես չունեմ որևէ կապ Պուտինի հետ և երբեք նրա հետ չեմ հանդիպել և չեմ խոսել անգամ հեռախոսով», - ABC-ի եթերում հավաստիացնում էր միլիարդատեր թեկնածուն։

Դոնալդ Թրամփը դեմոկրատ մրցակցուհու հետ տարաձայնություններ ունի գրեթե բոլոր հարցերում, սակայն Միացյալ Նահանգներին թշնամի համարող Ռուսաստանի հետ Թրամփի մերձեցման կոչերը էլ ավելի են սրում երկու թեկնածուների հեռակա բանավեճը։ Դեմոկրատները պնդում են՝ Պուտինն Արևմուտքը կազմաքանդելու պլան ունի և Թրամփն այդ հարցում օգնում է իրեն։ Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նամակագրական արտահոսքի ետևում տեսնում է ռուսական հետախուզությանը, համոզմունք հայտնելով, որ հենց ռուսներն են օգնել կազմակերպել գողացված նամակների հրապարակումը և այդպիսով միջամտել «ամերիկյան ընտրություններին և ամերիկյան ժողովրդավարությանը

Միլիարդատեր թեկնածուին ուղղված քննադատությունը էլ ավելի է ահագնանում նրա հարկային հայտարարագրերի ֆոնին, որոնք չեն հրապարակվում՝ չնայած տևական ժամանակ հնչող պահանջներին։ Թրամփի ֆինանսական պատասխանատուների խոսքերով՝ այդ փաստաթղթերը դեռ ուսումնասիրվում են աուդիտորական ընկերությունների կողմից, մինչդեռ ընդդիմախոսները այլ պատճառ են մատնանշում՝ Թրամփը խուսափում է հրապարակել այդ փաստաթղթերը՝ դրանցում ռուսաստանցի օլիգարխների հետ կապեր ունենալու մասին փաստող տվյալների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG