Մատչելիության հղումներ

Թուրք-գերմանական հարաբերությունները շարունակում են լարված մնալ


Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թվիթերի իր էջում քննադատում է Թուրքիային

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թվիթերի իր էջում քննադատում է Թուրքիային

Թուրքիան հրապարակավ քննադատել է Գերմանիայի իշխանություններին և այսօր կրկին արտգործնախարարություն հրավիրել Անկարայում այդ երկրի բարձրաստիճան դիվանագետին՝ բացատրելու, թե ինչու է Գերմանիայի Սահմանադրական դատարանը երեկ արգելել Թուրքիայի նախագահին հեռակա տեսաուղերձով դիմել Քյոլնում հավաքված հազարավոր հայրենակիցներին:

Տեղի թուրքերը երեկ քաղաքի կենտրոնում բազմահազարանոց ցույց էին նախաձեռնել՝ աջակցելու հեղափոխության փորձը հաղթահարած էրդողանին: Գերմանական դատարանը, սակայն, որոշել էր, որ էրդողանի ելույթը կարող է կրքեր բորբոքել՝ հաշվի առնելով, որ երկրում թուրքական արմատներ ունեցող մոտ երեք միլիոն մարդ է ապրում: Որևէ մեկը չի կարող Թուրքիայի ներքին լարվածությունը մեր երկիր տեղափոխել, հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ պաշտպանելով դատական բարձրագույն ատյանի որոշումը:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, մինչդեռ, այսօր պնդել է՝ դա որոշում էր խոսքի ազատության դեմ: - «Ինչ-որ՝ միայն իրենց հայտնի պատճառով Գերմանիայի Սահմանադրական դատարանը արգելեց մեր նախագահին ուղիղ կապով դիմել իր հայրենակիցներին հանրահավաքից ընդամենը 24 ժամ առաջ: Սա երկակի չափորոշիչների հստակ և անընդունելի օրինակ է», - հայտարարել է Քուրթուլմուշը:

Անդրադառնալով այս միջադեպին՝ արևմտյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերությունները սկսեցին լարվել Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Նախ Անկարան խոչընդոտեց գերմանացի պատգամավորների մուտքը «Ինջիրլիք» ավիաբազա, անցած շաբաթավերջին էլ սպառնաց վերանայել սիրիացի փախստականների հարցով Եվրամիության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Եթե Բրյուսելը մինչև հոկտեմբեր չվերացնի վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, մենք ստիպված կլինենք ետ կանգնել փախստականների հոսքը վերահսկելու վերաբերյալ մեր հանձնառությունից», - գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ին երեկ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Բեռլինում այս հայտարարությունը ակնհայտ սպառնալիք են որակել՝ կոչ անելով Անկարային շանտաժի չդիմել:

«Մեր պայմանը մնում է ուժի մեջ՝ վիզային ռեժիմը կհանվի, երբ Թուրքիան համապատասխանի Եվրամիության չափանիշներին, ինչը դեռ չենք տեսնում», - այսօր հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:

Գերմանիայի հետ տարաձայնությունները չհաղթահարած՝ Անկարան օր-օրի թեժացնում է քննադատությունը ռազմավարական դաշնակից Միացյալ Նահանգների հասցեին: Էրդողանի կառավարությունը շարունակում է պնդել, թե անցած ամսվա հեղաշրջման փորձը կազմակերպել էր Ամերիկայում բնակվող վտարանդի ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը: Վաշինգտոնը, սակայն, առայժմ չի համաձայնում արտահանձնել Գյուլենին՝ պահանջելով նախ մեղադրանքն ապացուցող փաստեր: Անցած ամսվանից սկսված այս հակասության ֆոնին այսօր երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Բինալի Յըլդրըմն ու Միացյալ Նահանգների զինված ուժերի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանդֆորդը առաջին անգամ դեմ առ դեմ կհանդիպեն: Հանդիպումից ժամեր առաջ Թուրքիայի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է՝ մենք չէինք ուզենա հայտնվել մի իրավիճակում, որը կասկածի տակ կդներ մեր բարեկամությունը Միացյալ Նահանգների հետ, հարյուրավոր ցուցարարներ էլ փողոց են դուրս եկել՝ «Դանդֆորդ տուն գնա, ուղարկիր մեզ Գյուլենին» կարգագախոսներով:

XS
SM
MD
LG