Մատչելիության հղումներ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ


Պաշտոնական այցով այսօր Վրաստան ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ ‪Ջանելիձեին:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Ջանելիձեն նշել է, որ հարևան երկրի արտգործնախարարի այցը Վրաստան նշանակալի իրադարձություն է, ինչը թույլ է տալիս շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ: Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր հնարավոր ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է առկա ութսունից ավելի համաձայնագրեր ընդգրկող հարուստ իրավապայմանագրային դաշտի կարևորությունը, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել գործակցությունը տարբեր բնագավառներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկել են Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կառույցներում համագործակցության, տրանսպորտային փոխադրումների դյուրացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային ոլորտում համագործակցության, ապակենտրոնացված մակարդակով շփումներին առնչվող հարցեր, հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրները։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մշակութային ժառանգության պահպանման շուրջ։

Հայաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանը և Միխեիլ Ջանելիձեն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, քննարկել միջխորհրդարանական կապերի առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջ մղմանը:

Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Պաշտոնական այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի հերոսների հրապարակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG