Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն. Ոստիկանությունը իրավունք չունի բռնություն դրսևորել հավաքի խաղաղ մասնակցի նկատմամբ


Ոստիկանությունը որևէ իրավունք չունի անհիմն միջամտելու անձի իրավունքի իրականացմանը և որևէ ագրեսիա, վիրավորանք, առավել ևս բռնություն դրսևորելու հավաքի խաղաղ մասնակցի, իրավախախտում թույլ չտված մասնակցի նկատմամբ, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հավաքի մասնակիցը, ըստ օմբուդսմենի, նույնպես ունի միջազգայնորեն ընդունված և իրավակարգի պահպանմանն ուղղված պարտականություն։ «Հավաքի մասնակիցը իրավունք չունի թույլ տալ օրինականության սահմաններում գործող ոստիկանության ծառայողների նկատմամբ որևէ նույն ագրեսիան, վիրավորանքը, որովհետև դա, ի վերջո, հանգեցնում է խաղաղ բնույթը խախտելուն և այդ բերման ենթարկելու դեպքերին», - նշեց Թաթոյանը։

Օմբուդսմենը նշեց, որ Հայաստանում խնդիրներ կան նաև բերման ենթարկելու ինստիտուտի հետ կապված։ «Այս օրերին ընթացող իրադարձությունները ցույց տվեցին, որ բերման ենթարկելու ինստիտուտն ինքնին և դրա գործադրումը մեր երկրում ճիշտ չի իրականացվում, այսինքն՝ հիմքերի առումով ակնհայտ է, որ խախտումներ են լինում, որովհետև որքան էլ որ անհրաժեշտ լինի հավաքը ցրել, կամ միջոցներ ձեռնարկել, բայց ամեն դեպքում դա չի նշանակում, որ այս ամենը պետք է ունենա բացարձակ բնույթ», - ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ պետք է հնարավորինս իրավախախտման հատկանիշները կոնկրետ դեպքերում կոնկրետացվեն։

«Անձին հավաքի վայրից բերման են ենթարկում և, ենթադրենք, որևէ բան չանելու համար, բայց հիմքը նշվում է ոստիկանության լրատվական ծառայության հայտարարությունում։ Այսինքն՝ անձին չեն պարզաբանում, այլ ասվում է, որ այսօր լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածելու, օրինակ․ նման դեպքերը չպետք է հիմք ընդունվեն պարզապես և մարդուն բերման ենթարկել՝ հղում անելով լրատվական ծառայությանը։ Ես կարծում եմ, որ ամեն անգամ, յուրաքանչյուր դեպքում պետք է անձին ներկայացվի կոնկրետացված հիմքերը, որպեսզի անձին պարզ դառնա, սա մեր Սահմանադրության կարևոր պահանջն է, ընդ որում այս նոր Սահմանադրությունը դրանք շատ ավելի ամրապնդեց, և մեր քաղաքացիներն էլ պետք է իմանան, որ նրանք ունեն այդ բոլոր դեպքերում վիճարկելու հնարավորությունը, ինչը նախկինում լիարժեք չունեինք ապահովված»։

XS
SM
MD
LG