Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյան. Հիմա շատ մեծ ռիսկ կա, որ իշխանությունը կանցնի ռեպրեսիաների


Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը «Սասնա ծռեր» զինված խմբի հանձնվելը պարտություն չի համարում։

«Համարում եմ, որ սա պարտություն չէ, իմ կարծիքով, և հանրությունը լրջորեն փոխվեց, ինքնադրսևորվեց, ոտքի կանգնեց և վերաբացահայտեց պետության զավթված լինելու հանգամանքը՝ սրանից բխած բոլոր հետևանքներով», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ հիմա շատ մեծ ռիսկ կա, որ իշխանությունը կանցնի ռեպրեսիաների։ «Հիմա շատ մեծ ռիսկ է, որ իշխանությունը ճիշտ դասեր չի քաղի նրանից, ինչ տեղի է ունեցել. փոխանակ սկսի այն խնդիրների ուղղությամբ բարեփոխումները, որոնք բարձրացվել է «Սասնա ծռեր»-ի կողմից և դրանից առաջ շատ երկար ժամանակ հասարակական, քաղաքական ուժերը նույն խնդիրներն են բարձրացրել, իշխանությունը կգործի հերթական սխալը, եթե որոշի ռեպրեսիաներով ճնշել նրանց, ովքեր մասնակցել են այս շարժմանը և մասնակցում են այս շարժմանը», - ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը։

Ճիշտ կլինի, որ անհապաղ ազատ արձակվեն այն մարդիկ, ովքեր անարդարացիորեն բանտերում են հիմա, ասաց Բարսեղյանը։ «Էդ «անարդարացի» բառը իշխանությունը պետք է վերջապես հասկանա՝ խոսքն ինչի մասին է՝ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և բազմաթիվ մարդիկ, ովքեր որևէ քրեական հանցագործություն չեն արել, և իշխանությունը որոշեց իրենց այնուամենայնիվ փակել», - ընդգծեց «Ասպարեզ» ակումբի նախագահը։

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ապստամբության նպատակն էր ցնցել հասարակությունը, մատնանշել այն թիրախները, որոնք պետք է քաղաքացին հասկանա և իմանա։ «Սրանք արվել են։ Հիմա երկրորդ քայլն է՝ մենք ո՞նց ենք հեռացնելու այս ապօրինի բռնակալական ռեժիմը և ո՞նց ենք դրա տեղը բերելու ժողովրդավար ռեժիմ», - ասաց Փոստանջյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ շատ հաճախ նաև պատմությունն է ցույց տալիս, որ հեղափոխություններից հետո գալիս են ավելի վատ ռեժիմներ։ «Մենք այս խնդիրը նույնպես ունենք, հետևաբար առաջին փուլն ապստամբության տեղի է ունեցել, երկրորդ փուլը ռեժիմից ազատվելն է, և երրորդ փուլը՝ այնպիսի իրավակարգ ստեղծելը, որը ժողովրդավար լինի և ծառայի մեր ազգային շահին», - ասաց Փոստանջյանը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 31-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG