Մատչելիության հղումներ

Ֆարմանյան․ Լրագրողների դեմ բռնություն կիրառած մարդկանց նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի


«Ցանկացած բռնություն դատապարտելի է: Ես կարծում եմ, որ ոստիկանությունը և իրավապահ մարմինները շատ արագ պետք է քրեական հետապնդում իրականացնեն բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը, ովքեր բռնություն են կիրառել լրագրողների հանդեպ», - երեկ ուշ գիշեր Սարի թաղում և Խորենացի փողոցում ոստիկանների ու քաղաքացիների բախումից հետո Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ստեղծված իրավիճակին անդրադարձել էր հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Սա որևէ կերպ չի ուժեղացնում ժողովրդավարությունը և մեր պետությունը, մեր պետականության հիմքերը: Այս անհասկացվածության մթնոլորտը, այս իրավիճակը պետք է րոպե առաջ իր խաղաղ հանգուցալուծումը ստանա և Հայաստանում հայի արյուն չպետք է թափվի: Զենքի, բռնության կիրառմամբ՝ կապ չունի ում կողմից՝ ոստիկանության, ցուցարարների, կամ ապստամբների կամ մյուսների՝ սա պետականությունը առաջ տանելու ճիշտ ճանապարհ չէ», - հավելեց պատգամավորը:

Գիշերային իրադարձություններին անդրադառնալով՝ այսօր հայտարարություն է տարածել նաև իշխանությանը մաս կազմող Դաշնակցություն կուսակցությունը՝ կոչ անելով բացառել բռնությունները և գործընթացը տեղափոխել իրավական օրինական դաշտ:

«Ակնհայտ է, որ երկրում առկա իրավիճակը չի գոհացնում հասարակության լայն շերտերին և անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակն արմատապես վերափոխելու ուղղությամբ: Խաղաղ հանգուցալուծումը հնարավոր դարձնելու համար զինված խմբի անդամները, նրանց աջակիցները, հանրահավաքների կազմակերպիչները պետք է հրաժարվեն անիրատեսական պահանջներից, պայքարի ոչ-օրինական մեթոդներից ու ծայրահեղական քայլերից, իսկ իշխանությունը պիտի բացառի զինված խմբի անդամների հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորությունը և ժողովրդի նկատմամբ՝ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ գործողությունները, ու կոնկրետ քայլերով ելքեր առաջարկի զինված խմբի հանձնվելը հնարավոր դարձնելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար» հայտարարությունը եզրափակում է իշխանության մաս կազմող քաղաքական ուժը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը երեկվա դեպքերից հետո հայտարարել է․ - «Այն, ինչ տեղի ունեցավ անցած գիշերը, կեղծված ընտրություններից և սահմանադրական հանրաքվեից հետո մարդու իրավունքների խախտումների, բիրտ ուժի ցուցադրության ամենացայտուն շքահանդեսն էր»:

Հայտարարություն է տարածել նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը՝ դատապարտելով քաղաքացիների և լրագրողների նկատմամբ վայրագ գործողությունները: Տարակուսանք հայտնելով, որ առաջիններից մեկը հարձակման են ենթարկվել հանդարտության կոչեր անող կազմակերպիչները, կուսակցությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին:

Վստահություն հայտնելով, որ ապակայունացման գործընթացը լրջորեն կազդի Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական գործընթացների վրա, կուսակցությունը կոչ է անում քաղաքական ուժերին համատեղել ջանքերը՝ դուրս գալու լրջագույն ճգնաժամից:

Քաղաքացիների, նաև լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները այսօր դատապարտել են ԲՀԿ, ՀՀՇ, «Ժողովրդական հայրենիք», «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները՝ կոչ անելով իշխանություններին իրավիճակը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով:

XS
SM
MD
LG