Մատչելիության հղումներ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր կարող են ներգրավված լինել կամ պատասխանատու լինել անցած գիշեր անհամաչափ ուժի կիրառման համար, այս մասին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանի երևանյան բյուրո կատարած այցի ժամանակ:

«Ես քիչ առաջ հանդիպել եմ երկու քաջարի լրագրողների հետ, ովքեր վիրավորվել էին գիշերվա իրադարձությունների ժամանակ: Ես այցելեցին նրանց հիվանդանոցում, որտեղ նրանք բուժօգնություն էին ստանում: Ես ցանկանում էի խոսել նրանց հետ, լսել նրանց պատմությունները և իմ, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան խորին մտահոգությունը հայտնել ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների և իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողների դեմ այս գիշեր ուժի գործադրման մասին արժանահավատ հաղորդումների, ինչպես նաև մտահոգիչ տեսանյութերի կապակցությամբ: Այս ամենը խիստ մտահոգիչ է, առավել ևս, երբ անհամաչափ բռնության թիրախ են դառնում լրագրողները, և ես շատ ու շատ մտահոգված եմ այս գիշեր տեղի ունեցածով», - «Ազատության» հետ զրույցում ասաց դեսպանը: - «Ես այսօր նաև այցելեցի «Ազատություն» ռադիոկայան՝ հանդիպելու և իմ աջակցությունը հայտնելու նրանց թիմին իրենց ջանքերի համար: «Ազատության» լրագրողներից մի քանիսը վիրավորվել էին անցած գիշերը, մեկը հոսպիտալացվել էր: Հույս ունեմ, որ այս երեկո, ինչպես նաև հաջորդող օրերին, քանի դեռ այս իրավիճակը շարունակվում է, կողմերը զսպվածություն կցուցաբերեն: Խոսքը վերաբերում է իշխանություններին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրացնում են խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրենց սահմանադրական իրավունքը: Դա, իմ կարծիքով, ծայրաստիճան կարևոր է: Նույնքան կարևոր է նաև երեկ գիշեր տեղի ունեցած իրադարձությունների լիակատար հետաքննության անցկացումը», - նաև ասաց նա:

Դեսպանը նաև ողջունեց հետաքննություն անցկացնելու մասին Օմբուդսմենի կոչը, ինչպես նաև նրա ջանքերն՝ ուղղված տեղեկատվության և փաստերի հավաքմանը, որպեսզի հնարավոր լինի այդ տվյալները տրամադրել համապատասխան իշխանություններին:

«Գիշերվա իրադարձություններից հետո ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է որոշակի քայլեր իրականացնել, քանի որ մենք տիրապետում ենք մեխանիզմների, որոնք թույլ են տալիս արգելել ամերիկյան ֆինանսավորմամբ ծրագրերում և միջոցառումներում այնպիսի անձանց ընդգրկումը, ովքեր, հետաքննության, ինչպես նաև արժանահավատ, անկախ հաղորդումների միջոցով ձեռք բերված տեղեկությունների համաձայն կարող են ներգրավված լինել կամ պատասխանատու լինել անցած գիշեր անհամաչափ ուժի կիրառման համար: Եվ մենք կհավաստիանանք, որ դա տեղի կունենա», - նաև հայտարարեց Ռիչարդ Միլսը:

XS
SM
MD
LG