Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կոչ է անում «զերծ մնալ արկածախնդրությունից, չգնալ դեպի հատուկ պահպանվող գոտի»


Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում «քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, մեկ անգամ ևս կոչ է անում՝ զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ»:

«Հուլիսի 29-ի երեկոյան, Ազատության հրապարակում սկսված հանրահավաքի կազմակերպիչները որոշել են իրականացնել երթ՝ Թումանյան-Աբովյան-Պուշկին-Վարդանանց-Նար-Դոս-Խորենացի փողոցներով: Սակայն երթի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, շեղվելով նախապես հայտնած երթուղուց, Նար-Դոս և Աղյուսագործների փողոցների խաչմերուկում ճեղքել են ոստիկականական պատնեշը, շարժվել Սարի Թաղի 3-րդ շարք փողոցով և բաժանվել երկու մասի: Գլինկայի փողոցի վերջնամասում ցուցարարներին ղեկավարել են Անդրեաս Ղուկասյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, իսկ նախկին սուր վարակիչ հիվանդանոցի մոտ՝ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը և Լևոն Բարսեղյանը:

Երթը փաստացի ղեկավարող անձինք սկզբում հայտարարել են, որ ցանկանում են մտնել ՊՊԾ գնդի տարածք, իսկ հետագայում փորձել են ճեղքել անվտանգության գոտին պահպանող ոստիկանական արգելապատնեշը: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են արձակվել Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել ոստիկանության զորքերի զինծառայող, ինչպես նաև վնասվել են տրանսպորտային միջոցներ:

Ոստիկանությունը բանակցություններ է վարել հավաքի փաստացի ղեկավարների հետ, մի քանի անգամ հորդորել է դադարեցնել բռնի գործողությունները և լքել նշված տարածքը՝ դրա համար տալով խելամիտ ժամանակ, սակայն հավաքի մասնակիցներն անտեսել են ոստիկանության պահանջները: Ավելին, իրենց սկզբական նպատակին հասնելու համար նրանք ձեռնարկել են նախահարձակ և սադրիչ նոր գործողություններ:

Գնահատելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հավաքի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի առկայությունը, ինչպես նաև հավաքի մասնակիցների կողմից ՊՊԾ գնդի տարածք ներխուժելու և այնտեղ գտնվող մեծ քանակի զենքին ու զինամթերքին տիրանալու իրական հնարավորությունը, ոստիկանությունն անկարգությունները կանխելու նպատակով ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ: Ընդ որում՝ գործողությունը սկսելուց առաջ հավաքի մասնակիցները նախազգուշացվել են դրա մասին, իսկ տեղում աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արվել պահպանել անվտանգ միջնատարածք:

Իրավիճակից բխող անհրաժեշտ և հավաքի մասնակիցների վարքագծին համարժեք գործողությունների իրականացման ընթացքում տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով, ցավոք, վնասվածքներ են ստացել թե՛ ոստիկաններ, թե՛ հավաքի մասնակիցներ, և թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Գործողության իրականացման ընթացքում հավաքի մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ թույլ տրված ենթադրյալ խախտումներին վերաբերող ահազանգերի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն: ՀՀ ոստիկանությունը կրկին փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում և դրան հարող տարածքում զինված խմբի հանցավոր գործողությունների և անօրինական հավաքների կազմակերպման հետևանքով պարբերաբար առաջանում են անկանխատեսելի հետևանքներով լի իրավիճակներ: Ուստի, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, ինչպես նաև նոր հանցանքների կատարումը հնարավոր է կանխել միայն հավաքն այլ վայր տեղափոխելու միջոցով:

Ոստիկանությունը, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, մեկ անգամ ևս կոչ է անում՝ զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ: Միաժամանակ զգուշացնում ենք, որ այս պահանջներին չենթարկվելու և նոր իրավախախտումներ կատարելու դեպքում կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված թույլատրելի և համարժեք բոլոր միջոցները»,- նշված է Ոստիկանության հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG