Մատչելիության հղումներ

«Էրեբունի» ԲԿ-ում շարունակում են բուժում ստանալ 9 տուժածներ


«Էրեբունի» ԲԿ

«Էրեբունի» ԲԿ

Հատկապես ծանր է մեկ ոստիկանի և քաղաքացիներից մեկի վիճակը։

Ոստիկանների հետ բախումներից հետո երեկ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 16 տուժածներից 9-ը շարունակում է բուժում ստանալ: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում, տեղեկացրեց հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։ Նրա փոխանցմամբ, տուժածներից վեցը ոստիկաններ են, երկուսը՝ քաղաքացիներ, մեկն էլ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ։ Հատկապես ծանր է մեկ ոստիկանի և քաղաքացիներից մեկի վիճակը։

«Ծանր է որովայնի հրազենային վնասվածքով ոստիկանի վիճակը, որին երեկ մենք անհապաղ վիրահատության ենք ենթարկել, վնասում կար հաստ աղիքի, սիգմաձև աղիքի վնասում, վիրահատությունը հարթ է անցել։ Առավոտյան նա անջատվել է արհեստական շնչառության սարքից, հիմա գտնվում է ծանր կայուն վիճակում։ Ունենք նաև քաղաքացի, որի մոտ կար ծնոտի կոտրվածք, նույնպես վիրահատվել է, հիմա վիճակը բավարար ենք գնահատում, երևի մոտ ժամերին էդ քաղաքացուն կտեղափոխենք հիվանդասենյակ, և ինքն այնտեղ կշարունակի հետագա բուժումները»,- պատմեց Մանուկյանը:

Երեկ ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի երկու անդամ հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել։ Հիվանդանոցի ղեկավարության փոխանցմամբ, նրանցից Արթուր Մելքոնյանը, ում վիճակը բավարար է գնահատվել, տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց։ Ինչ վերաբերում է Արմեն Լամբարյանին, ապա նա վիրահատվել է, ավելի ուշ՝ անջատվել արհեստական շնչառության սարքից՝ «Վիրահատությունը նորմալ է անցել, հիմա գտնվում է գիտակցության մեջ, մենք իր վիճակը կայուն ենք գնահատում, երեկվանից հետո զգալի դրական տեղաշարժով»:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող Պավլիկ Մանուկյանի վիճակը, բժիշկների գնահատմամբ, կայուն է։ Դատարանն այսօր որոշում կկայացնի՝ նրան կալանավորելու միջնորդության հարցով։ Եթե քննչական մարմնի միջնորդությունը բավարարվի, նա ևս, ինչպես «Սասնա ծռեր»-ի մյուս վիրավոր անդամները, կտեղափոխվի Դատապարտյալների հիվանդանոց: «Դրական փոփոխություններ կան, գիտակցությանը պարզ է, վերքի վիճակը բավարար ենք համարում, ստանում է համապատասխան բուժումներ, հացադուլը շարունակում է, բայց դեղորայք ստանում է»,- տեղեկացրեց հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG