Մատչելիության հղումներ

8.5 սմ շեղբով դանակը, ըստ ոստիկանության փորձաքննության, սառը զենք չի համարվում։ Հենց այդպիսի դանակ իր մոտ պահելու համար էր ձերբակալվել այսօր ազատ արձակված Լևոն Բարսեղյանը։

Ապացույցների բացակայության պատճառով հարուցված քրեական գործը կարճվել է։ Շենգավիթի քննչական բաժնից դուրս գալուց անմիջապես հետո «Ազատության» խնդրանքով Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահը ցույց տվեց քրեական գործի հարուցման պատճառ դարձած գրպանի ծալովի դանակը․ - «1200 դրամ, երկարությունը 18.8, շեղբի երկարությունը 8.5: Բոլորը արդեն կարող են ունենալ այս դանակից: Ասում է, որ սա սառը զենք չէ: Ուրեմն Սերժիկ Սարգսյանը՝ իր բովանդակ խելքով, իր քննչականով, իր մենթուրայով, չկարողացավ մի գործ սարքել: Հազիվ երկու օր ինձ կարողացավ պահել: Ավելի հեշտ էր ինձ մեղադրել սև շոր հագնելու մեջ, քան թե սառը զենք կրելու համար»:

Հուլիսի 27-ի գիշերը բերման ենթարկված Բարսեղյանը համոզված է, որ ձերբակալման նպատակն է եղել մեկուսացնել իրեն Խորենացի փողոցի իրադարձություններից։

Լրագրողի պնդմամբ, Շենգավիթի քննչականում և Կումայրու բաժում ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի․ - «Ինձ առանց հիմքի պահել են 16 ժամ շարունակ: Այդ ամբողջ ընթացքում թույլ չեն տվել, գոնե այս Շենգավիթի մենթովկում թույլ չեն տվել օգտվել զուգարանից: Ջուր եմ խնդրել, ասել են՝ առաջին հարկում է, մենք հիմա երրորդ հարկում ենք

Ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ հանդիպմանն արդեն Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ առանց որևէ իրավական հիմքի իրեն տեղափոխել են Կումայրու ոստիկանության բաժին, հետո կրկին տեղափոխել Երևան, մի քանի անգամ խուզարկության են ենթարկել այն ժամանակ, երբ ինքն ամբողջ ընթացքում ապօրինաբար գտնվել է ոստիկանության բաժնում։

Փաստաբան Հայկուհի Հարությունյանը նշեց, որ Լևոն Բարսեղյանը քրեական հետապնդման է ենթարկվել խոսքի ազատության և հավաքներին մասնակցելու իր իրավունքներն իրացնելու պատճառով․ - «Մնացածը ածանցյալ, զուտ քրեադատավարական կարգի խախտումներ էին, ընդ որում, չափազանց կոպիտ խախտումներ»:

Ոստիկանների վերաբերմունքը, ըստ Բարսեղյանի, տարբեր էր ձերբակալվածների պահման վայրում և Շենգավիթի բաժնում․ - «Ինչ-որ անհարգալից վերաբերմունք, ինչ-որ կոպիտ խոսք, անօրինական վարք չեմ լսել էս էրկու օրերին ընթացքում: Իսկ էս Շենգավիթի մենթերը բացարձակ ուրիշ միրգ են․․․ Հարգելիներս, սա միայն փոխվում է հեղափոխությամբ: Լուրջ եմ ասում, չափազանց լուրջ եմ ասում: Կա՛մ հեղափոխություն իշխանության միջից, կա՛մ ժողովրդից: Իշխանությունը, ես վաղուց եմ հասկացել, որ անկարող է դա անել»:

Հուլիսի 17-ից գրավված Ոստիկանության պարեկապահակային գնդի շուրջ ծավալվող իրադարձություններին Բարսեղյանը ճաղերի հետևում գտնվելու ընթացքում հետևել է։ Այսօր առավոտյան անգամ ռադիո լսելու հնարավորություն է ունեցել։ Իր հայացքներում ու համոզմունքներում փոփոխություն չկա։

Հարցին, թե արդյոք այսուհետ մասնակցելու է բողոքներին ու ցույցերին, նա պատասխանեց․ - «Ես նույն եմ, բան չի փոխվել: Ինձ չեն առել, չեն ծախել: Ինչ որ ճիշտ գտա, կանեմ: Ամենայն հավանականությամբ, կմասնակցեմ: Կա՛մ այստեղ, կա՛մ Գյումրիում, որովհետև Գյուրմիում էլ են ահագին բորբոքվել մարդիկ»:

Ոստիկանության դրսևորված, իր գնահատականով՝ ապօրինությունների վերաբերյալ Լևոն Բարսեղյանը մտադիր է առաջիկայում դատարան հայց ներկայացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG