Մատչելիության հղումներ

Խորենացի փողոցում ծնոտի կոտրվածք ստացած ակտիվիստը դեռ տուժող չի ճանաչվել


Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում ծնոտի կոտրվածք ստացած ակտիվիստը դեպքից 9 օր անց դեռ տուժող չի ճանաչվել:

Մեկ շաբաթից ավելի է՝ ինչ Արսեն Թադևոսյանի գլուխն ու ծնոտը վիրակապված են, դժվարությամբ է խոսում, ասում է՝ սաստիկ ցավերից գիշերները չի քնում: «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Արսենը ծնոտի կոտրվածք ունի և գլխին ստացած հարվածի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել: Թադևոսյանը պնդում է՝ այդ օրն իրեն ոստիկաններն են ծեծի ենթարկել:

«Հենց անցանք ոստիկանական կարդոնը ինձ գցեցին գետնին ու սկսեցին ծեծել», - պատմում է նա:

Արսեն Թադևոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը տարակուսած է՝ անգամ այս ակնհայտ ապացույցների դեպքում երիտասարդը դեռ տուժող չի ճանաչվել: Պապիկյանի խոսքով՝ քննիչներն իր վստահորդին դատաբժշկական փորձաքննության են ուղարկել միայն դեպքից մի քանի օր անց, երբ գնացել էին Արսենի մոտից առգրավված իրերը ստանալու: Փաստաբանն ընդգծում է՝ փորձաքննությունից արդեն հինգ օր է անցել, բայց պատասխանը դեռ չեն ստացել: Տարակուսած է՝ քննիչները փաստորեն հիվանդանոցի բժշկական եզրակացությանը չեն հավատում, դատաբժշկական փորձաքննության պատասխանն են կարևորում, և դա ունենալուց հետ միայն կհստակեցնեն ակտիվիստի կարգավիճակը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս ամենը հանցագործության կոծկման փորձ է համարում․ - «Նախ՝ փաստի ուժով պետք է քրեական գործ հարուցվի՝ մարմնական վնասվածքների փաստով, հետո նոր փորձաքննություն նշանակվի, որպեսզի որակվի մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը: Երբ դա չի արվում, դա կոչվում է հանցագործության կոծկում»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ՝ հենց «Էրեբունի» բժշկական կենտրոնում սկսված առաջին իսկ քննչական գործողության ժամանակ, ինքն ու իր պաշտպանյալը հանցագործության մասին հայտարարություն են տվել, սակայն իրավապահները դա էլ են անտեսել:

Արսեն Թադևոսյանը դիմել էր նաև Օմբուդսմենի գրասենյակ: Պաշտպանի խոսնակ Զոհրապ Եգանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ գրություն են ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: «Տեղեկանալով, որ նա դեռ տուժող չի ճանաչվել պատրաստվում ենք կրկնակի գրություն ուղարկել` տուժող ճանաչելու մասով», - ասաց Եգանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG