Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդհանրապես չանդրադարձավ Հայաստանում ստեղծված արտառոց իրավիճակին, երբ զինված խումբն արդեն 13 օր վերահսկում է ոստիկանության կարևորագույն տարածքներից մեկը։

Սովորականի պես սկսված ու ընթացած նիստից հետո Հայաստանի 19 նախարարներից որևէ մեկը շենքը չլքեց գլխավոր ելքից, որտեղից սովորաբար դուրս են գալիս ու պատասխանում լրագրողների հարցերին։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով, իշխանությունների ներկայացուցիչների շրջանում խուճապ կա, հակառակ դեպքում չէին խուսափի տեսախցիկների առջև ելույթներից․ - «Երկրում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք կապված են քաղաքական իրավիճակի հետ, քաղաքական համակարգի և կառավարության լուծարման նաև խնդիր է դրված, և իրենք այդ հարցերին չեն ցանկանում պատասխանել: Դա իրենց կողմից դիտավորություն է, և դա անում են այն պատճառով, քանի որ նրանց հրահանգել են լռել: Այս լռությունը խուճապի մասին է վկայում: Որովհետև եթե դու տիրապետում ես իրավիճակին, ապա դու չպետք է լռես»:

Իշխող կուսակցությունը, սակայն, իր լռությունն այլ կերպ է մեկնաբանում. երեկ ուշ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց՝ խոսելուց կարևոր է չվնասելը. - «Տասնմեկ օր կլինի, թե այնքան օր, որքան անհրաժեշտ է, ՀՀԿ-ն ղեկավարվում է մեկ սկզբունքով՝ չվնասել այն փխրուն գործընթացին, այն բանակցային գործընթացին, որը մի փոքր հույսեր է տալիս խաղաղ հանգուցալուծման համար»:

«Արձագանքի բացակայությունը նույնպես արձագանք է», - ստեղծված իրավիճակին է անդրադառնում քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ Հայաստանի նման կիսաավտորիտար երկրում կառավարության անդամներն ու իշխանության մյուս ներկայացուցիչները չգիտեն, թե ինչ կասի երկրի նախագահը, եթե իրենք խախտեն լռությունը. - «Քանի որ նախագահն ինքը տեսակետ չի արտահայտում, բնականաբար բոլորը լռում են: Տարօրինակ է, որովհետև իրենք պարտավոր են խոսել, և արդեն ժամանակն է, որ իրենք իրենց քաղաքական կարիերան սկսեն արդեն ինքնուրույն մտածել և ամեն հարցը չհամաձայնեցնեն նախագահի հետ: Բայց նրանք համաձայնեցնում են, որովհետև վախենում են»:

«Հայաստանը դեպի անդունդ գլորած իշխանությունները պետք է հասկանային, որ հանրությունը մի օր ապստամբելու է», - անդրադառնալով արդեն 13-րդ օրը շարունակվող ճգնաժամին՝ ասում է ընդդիմադիր Փոստանջյանը և հավելում, որ այս մասին խոսել է անգամ Ազգային ժողովի ամբիոնից․ - «Բոլոր միջոցները հանրության կողմից բռնակալության դեմ պայքարելու այլևս գոյություն չունեն, սպառվել են, և հանրությունը, ինքնապաշտպանության բնազդով ստիպված է եղել ապստամբել: Սա է ամբողջ խնդիրը: Մեր հերոսները իրենց արյան գնով փորձում են նորից և նորից պաշտպանել մեր իրավունքները»:

Ազգային ժողովի փոխնագահը, մինչդեռ, երեկ վստահեցրեց, թե ապրիլյան պատերազմից հետո իշխանությունը սկսել է քայլեր կատարել, բարեփոխումներ նախաձեռնել․ - «Եվ իրագործելու է այդ քայլերը․․․ Այնուամենայնիվ ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ որևէ պրոբլեմ, որևէ վիճակ չի կարող արդարացնել այն, որ հայը զենք վերցնի հայի վրա կրակելու համար»:

XS
SM
MD
LG