Մատչելիության հղումներ

Stratfor-ը ՊՊԾ գնդի տարածքի գրավման միջադեպը կապում է ղարաբաղյան խնդրի հետ


«Երևանում Ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքի գրավման միջադեպը ցույց է տալիս, թե Ղարաբաղի հարցում մանևրելու որքան փոքր հնարավորություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի վարչախումբը, որն արդեն իսկ Ռուսաստանի և Արևմուտքի ճնշման տակ է Ադրբեջանի հետ տարածքային վեճի պատճառով», - գրում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը:

«Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չափազանց ագրեսիվ քայլ է համարում «Հիմնադիր խորհրդարանի» կողմից զինված ուժով ոստիկանական շինության ապօրինի գրավումը, իսկ նոր պատանդառությունը [շտապօգնության բուժանձնակազմի] հավանաբար բացասական ազդեցություն կունենա հասարակական կարծիքի վրա: Միաժամանակ աճում է հանրային դժգոհությունն իշխանությունների գործողություններից: Իշխանությունների չափազանց կոշտ արձագանքը կարող է ավելի մեծ ու լայնամասշտաբ ցույցերի պատճառ դառնալ, իսկ թույլ արձագանքի դեպքում հանգուցալուծումը կարող է ձգձգվել և ունենալ անկանխատեսելի հետևանքներ», - փաստում է Stratfor-ը՝ հայաստանյան իրադարձություններին նվիրված հատուկ զեկույցում:

Ուշագրավ է, որ թեև ամերիկյան վերլուծաբանները հիշատակում են զինված խմբի գործողությունների «այլ շարժառիթների» մասին, հիմնական շեշտը, այնուամենայնիվ, դրվում է «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի վերջին տարածքային կորուստների» վրա:

«Թեև ճգնաժամը պայմանավորված չէ բացառապես Լեռնային Ղարաբաղի հետ կապված մտահոգություններով, այդուհանդերձ այդ գործոնի ուժեղ ազդեցությունն ակնհայտ է, ինչն ապացուցում է, որ ղարաբաղյան խնդրի դիվանագիտական հանգուցալուծումը կարող է ապակայունացնել տարածաշրջանը: Անվտանգության ծառայությունների կոշտ գործողությունների հետևանքով աճող հանրային դժգոհությունը, գումարվելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հետ կապվող իշխանության գերկենտրոնացմանն ու կոռուպցիային, կարելի է փաստել, որ «Հիմնադիր խորհրդարանի» հետ այս դիմակայությունը է՛լ ավելի է թուլացրել իշխանությունների դիրքերը», - եզրակացնում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG