Մատչելիության հղումներ

Խորենացու հանրահավաքները համակարգող խումբը կմեծացնի ճնշումը իշխանությունների վրա


Խորենացի փողոցի հանրահավաքները համակարգող խումբը մտադիր է փողոցային պայքարով մեծացնել ճնշումը իշխանությունների վրա:

«Ամեն օր ինչ-որ մի նոր հնարք կկիրառենք կամ կկրկնենք: Բայց անպայման գործողությունների դիմելու ենք: Համենայնդեպս, այնքան պայքարենք, մինչև այս ճգնաժամային իրավիճակից դուրս գանք: Գյումրիում, Կապանում արդեն սկսվել է նմանատիպ գործողություններ, հույս ունեմ կտարածվի դա: Նաև Երևանում այս ակցիաները ավելի հզոր կդառնան», - ասում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը հիշեցնում է «Սասնա Ծռեր»-ի հիմնական պահանջները՝ «քաղաքական բանտարկյալների» ազատ արձակում, իշխանությունների՝ առաջին հերթին Սերժ Սարգսյանի հրաժարական և վստահության Կառավարության ձևավորում․ - «Արդեն ակնհայտ է, որ պրոցես է սկսվել, ակնհայտ է, որ մեր ազատամարտիկ ապստամբների պահանջները արդեն օրակարգային են և լեգիտիմ են՝ հասարակությունը այդ պահանջները սրանից մինչև երկու օր առաջ իր բազմամարդ հավաքներով, հանրահավաքներով, երթերով հաստատել է: Հիմա պետք է դրա կյանքի կոչման ուղղությամբ շարժվենք»:

Մինչ այդ, երեկվա հանրահավաքից հետո ճանապարհային ոստիկանությունը տուգանային հրապարակ է տարել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վահրամ Պետրոսյանի՝ բարձրախոսներով, ձայնային տեխնիկայով բեռնված մեքենան:

«Հանրահավաքի ավարտին, երբ ստորգետնյա կայանատեղիից դուրս եկա, ճանապարհային ոստիկանության մեքենան անմիջապես կանգնեցրեց, սկսեց ստուգել փաստաթղթերը: Որևէ խնդիր չկար: Դրանից հետո իրենք ուղղակի ասացին, որ հրաման ունեն և մեքենան պետք է տանեն տուգանային հրապարակ, որտեղ սկսեցին մեքենան խուզարկել և ակնհայտորեն ինչ-որ բան փնտրել, որ հիմք լինի մեքենան պահելու», - պատմում է Պետրոսյանը:

Ընդդիմադիր ակտիվիստի փոխանցմամբ՝ միայն լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո են ոստիկանները թույլ տվել մեքենան դուրս բերել տուգանային հրապարակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG