Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարությունը հակադարձում է՝ ՔԿ-ներում սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանն ուղղված «աննախադեպ» աշխատանքներ են իրականացվում:

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի կալանավորված երեք անդամները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ, ըստ նրանց պաշտպանների, անմխիթար վիճակ է։ Մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պնդում է՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակաբար իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված նախորդ տարիների համեմատ աննախադեպ աշխատանքներ:

Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու՝ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ բորբոսնած պատերով խոնավ խուցը հիվանդասենյակ կոչել չի կարելի։ - «140 դատապարտյալի մեկ բուժաշխատող է սպասարկում, վիճակն այնքան վատ է, որ Արամի վիրակապը փոխելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոնից է բժիշկ հրավիրվում», - ասում է փաստաբանը։

Ինեսսա Պետրոսյանը Արդարադատության նախարարությանն է դիմել իր պաշտպանյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Փաստաբանի խոսքով՝ մեղադրանք առաջադրվել, սակայն խափանման միջոց չի ընտրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող Պավլիկ Մանուկյանի համար։ Մանուկյանն արդեն երեք օր է հացադուլ է հայտարարել ու հրաժարվում է ցավազրկող դեղամիջոցներից։ Կալանավորման դեպքում նա ևս «Դատապարտյալների հիվանդանոցում» կհայտնվի ասում է փաստաբանը։

Ազգային անվտանգության ծառայության հարուցած քրեական գործի շրջանակներում մեղադրվող զինված խմբի անդամներ Հովհաննես Հարությունյանը գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը և Արամ Մանուկյանը ոտքի հրազենային վիրավորումներ էին ստացել այս շաբաթ Էրեբունու պարեկապահակային ծառայության գնդի տարածքում ոստիկանների հետ փոխհրաձգությունից հետո։ Երեքին էլ մեղադրանք էր առաջադրվել շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածներով, որից հետո նրանք կալանավորել ու «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել էին «Դատապարտյալների հիվանդանոց»։ 29-ամյա Հովհաննես Հարությունյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պնդում է, որ իր պաշտպանյալը ևս պատշաճ օգնություն չի ստանում և միայն իրենց բողոքից հետո է «Դատապարտյալների հիվանդանոցի» խուց-սենյակը քիչ թե շատ կարգի բերվել։

«Վախենում էր իրիկունը քներ, որ բաց վերքի վրա խավարասերները չբարձրանան: Այսօր որոշ չափով մաքրություն է տեղի ունեցել, բայց դա հիմք չէ, նա պետք է քաղաքացիական հիվանդանոցում նորմալ պայմաններում իր բուժումը շարունակի, քանի որ իր վիճակը հիմա շատ վատ է», - ասում է փաստաբանը:

ՊՊԾ գնդի տարածքից դուրս եկած «Սասնա ծռերի» մյուս անդամը՝ Արամ Հակոբյանը, որն այս պահին ձերբակալվածների պահման վայրում է գտնվում հասարակական դիտորդ Սուրեն Իսկանդարյանի խոսքով ևս բժշկական օգնության կարիք ունի։ Հակոբյանը Ձերբակալվածների պահման վայրում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամին փոխանցել է, որ ինքը հանձնվելու մտադրություն չի ունեցել և իրավապահներն իր նկատմամբ բռնություն են կիրառել:

XS
SM
MD
LG