Մատչելիության հղումներ

Լրագրողական ՀԿ-ներ. Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրգործը շինծու է


Ոստիկանները բերման են ենթարկում Լևոն Բարսեղյանին, Երևան, 27-ը հուլիսի, 2016թ․
Ոստիկանները բերման են ենթարկում Լևոն Բարսեղյանին, Երևան, 27-ը հուլիսի, 2016թ․

Լրագրողական՝ «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպություններն այսօր կոչով դիմել են իրավապահներին և իշխանություններին։

Կոչում մասնավորապես ասված է. - «Հուլիսի 27-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել Երևանի Խորենացի փողոցում կայացած հանրահավաքի մասնակիցներից Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, և նա ձերբակալվել է։ Լևոն Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները միշտ էլ ընդդիմադիր շարժումների ու իրենց քննադատների հետ փոխհարաբերություններում նախընտրել են ընդդիմադիրների նկատմամբ ուժի կիրառումը, հալածանքներն ու շինծու քրեական հետապնդումները։ Այս կերպ նրանք փորձել են լռեցնել իրենց ուղղված կամայական քննադատություն ու իրենց համար անցանկալի քաղաքական զարգացում»։

Վերոնշյալ ՀԿ-ները համոզմունք են հայտնում, որ Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է։ «Իսկ իբրև սառը զենք որակված դանակի առկայության փաստը՝ ընդամենը նրա ակտիվ հասարակական գործունեության, ինչպես նաև Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակցելու, իսկ վերջին օրը նաև այն վարելու համար Լևոն Բարսեղյանին «պատժելու» պատրվակ է։ Փաստորեն, մեր գործընկերը իրավապահ մարմինների կամայական գործողությունների թիրախավորված զոհ է դարձել քաղաքացիական դիրքորոշման համար», - ասված է կոչում։

Հայտարարության հեղինակները պահանջում են իրավապահ մարմիններից՝ անհապաղ կարճել հարուցված քրեական գործը և ազատ արձակել Բարսեղյանին, իրականացնել օբյեկտիվ քննություն և պատժել լրագրող Գևորգ Թոսունյանի նկատմամբ բռնություն կատարած ոստիկաններին:

«Դիմում ենք նաև Հայաստանի իշխանություններին, որոնք տարբեր ամբիոններից խոսում են Հայաստանում ժողովրդավարական արժենքերի և խոսքի ազատության մասին՝ կոչ անելով նրանց՝ անհապաղ ձեռնարկել քայլեր, որպեսզի չխոչընդոտվեն մամուլի ներկայացուցիչների աշխատանքները», - ասված է նրանց կոչում:

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև «Իրավունքի և ազատության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը։

Նա կենտրոնի անունից դատապարտել է «իշխանությունների կողմից սանձազերծված և օր-օրի ուժգնացող կամայականությունները» և իշխանություններից պահանջել «ազատ արձակել Լևոն Բարսեղյանին, ինչպես նաև հուլիսի 17-ից սկսած խաղաղ ցույցերի մասնակից մնացած բոլոր ձերբակալվածներին, իշխանություն-ընդդիմության, իշխանություն-քաղաքացի փոխհարաբերությունները տեղափոխել օրենքի դաշտ»։

«Բոլոր անօրինականությունների ու կամայականությունների համար պատասխանատու են իշխանությունները», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG