Մատչելիության հղումներ

«Բարսեղյանն իրավապահների թիրախավորված զոհն է դարձել քաղաքացիական դիրքորոշման համար»


Լևոն Բարսեղյան, արխիվ
Լևոն Բարսեղյան, արխիվ

Լրագրողական և իրավապաշտպան 13 կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Հայաստանյան 13 լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում համոզմունք են հայտնում՝ «Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է»:

«Հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել այդ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, և նա ձերբակալվել է։ Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։

Լոն Բարսեղյանի գտնվելու վայրը գործընկերների և հարազատների համար երկար ժամանակ անհայտ է եղել։ Թեև ոստիկանությունը տեղեկացրել էր, որ նա ազատ է արձակվել առավոտյան 06:30-ին, իրականում դա ապատեղեկատվություն էր. Բարսեղյանը գտնվել է ոստիկանության հսկողության ներքո, տարվել է Գյումրու Կումայրի բաժին և կրկին բերվել Շենգավիթի քննչական բաժին: Իրավապաշտպան գործընկերների համառ գործողությունների շնորհիվ միայն օրվա երկրորդ կեսին ճշտվել է նրա գտնվելու վայրը։

Բարսեղյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել անձնական խուզարկությամբ՝ նրա տաբատի գրպանից հայտնաբերված ծալովի դանակը: Նրա փաստաբանի հաղորդմամբ՝ այդ դանակն առաջին անգամ չէ, որ հայտնաբերվում է Լևոն Բարսեղյանի մոտ նմանատիպ իրավիճակներում, երբ ոստիկանությունը նրան բերման էր ենթարկում բողոքի ակցիաներից։ Սակայն, ամեն անգամ այդ դանակի առկայությունն արձանագրվել է և անտեսվել, քանի որ չի համապատասխանել սառը զենքի չափանիշներին։

Մենք՝ ներքոստորագրյալներս, համոզված ենք, որ մեր գործընկերոջ նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, իսկ իբրև սառը զենք որակված դանակի առկայության փաստը՝ ընդամենը նրա ակտիվ հասարակական գործունեության, ինչպես նաև Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքներին մասնակցելու, իսկ վերջին օրը նաև այն վարելու համար Լևոն Բարսեղյանին «պատժելու» պատրվակ է։ Փաստորեն, մեր գործընկերը իրավապահ մարմինների կամայական գործողությունների թիրախավորված զոհ է դարձել քաղաքացիական դիրքորոշման համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք.

- իրավապահ մարմիններից՝ անհապաղ կարճել հարուցված քրեական գործը և ազատ արձակել Լևոն Բարսեղյանին:

- իշխող քաղաքական վերնախավից՝ դադարեցնել բռնությունները ցուցարարների ու ակտիվ քաղաքացիների նկատմամբ, և իրավապահների գործողությունները վերադարձնել օրինական դաշտ»,- նշված է կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։

Փաստաթուղթը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»), Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումը, Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Հանրային օրակարգ» ՀԿ-ն, «Համագործակցություն հանուն բաց հասարակության» ՀԿ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG